Խուզարկումից մինչև գաղտնալսում․ հատուկ ռեժիմ՝ ՌԴ-ում


16:25 , 24 հունիս, 2023
Տեղեկացրել ենք, որ երկրում զինված ապստամբության հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով ՌԴ-ի իշխանությունները հայտարարել են Մոսկվայում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) ռեժիմի ներդրման մասին։
Եվ այսպես, ի՞նչ է ենթադրում հակաահաբեկչական գործողության ռեժիմը։

Ահա թե ինչ լիազորություններ ունեն իշխանությունները.

- Թույլատրվում է ստուգել քաղաքացիների փաստաթղթերը։ Եթե դրանք բացակայում են, քաղաքացին կարող է տեղափոխվել ոստիկանություն՝ անձը հաստատելու համար: ՀԱԳ գոտուց մուտքի և ելքի ժամանակ թույլատրվում խուզարկել մարդկանց։

- Անհրաժեշտության դեպքում անվտանգության ուժերն իրենց հայեցողությամբ կարող են «անհատներին հեռացնել տեղանքի որոշակի տարածքներից և օբյեկտներից», ինչպես նաև տարհանել մեքենաները:

- Հատուկ ծառայություններն իրավունք կունենան լսել հեռախոսային խոսակցությունները և կարդալ ցանկացած նամակագրություն համացանցում։

- Իշխանությունները կկարողանան օգտագործել ցանկացած կազմակերպության և մարդկանց պատկանող մեքենաները՝ առաջին օգնություն ցուցաբերելու և հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Միևնույն ժամանակ, ուրիշի գույքի օգտագործման հետ կապված ծախսերը հետագայում պետք է փոխհատուցվեն:

- Պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիապես և կենսաբանորեն վտանգավոր նյութեր օգտագործող արտադրական օբյեկտները կարող են ժամանակավորապես փակվել:

- Մարզի տարածքում կարելի է անջատել ցանկացած կապ՝ և՛ հեռախոսային, և՛ ինտերնետ հասանելիություն։

- Անհրաժեշտության դեպքում անհատները կարող են տեղափոխվել «անվտանգ տարածքներ»: Իշխանություններից կպահանջվի ժամանակավոր կացարան տրամադրել տարհանվողներին։

- ՀԱԳ գոտու ցանկացած տարածքում կարող է սահմանափակվել մարդկանց և մեքենաների տեղաշարժը։

- «Ահաբեկչության դեմ պայքարի» հետախուզության աշխատակիցները կկարողանան մուտք գործել ցանկացած տարածք առանց դատարանի որոշման:

- Ալկոհոլի վաճառքը կարող է սահմանափակվել։