11:28 , 9 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայաստանում շարունակվում է և՛ դեղամիջոցների, և՛ բժշկական ծառայությունների թանկացումը: Տարեսկզբից մինչև օգոստոս` անցած տարվա նույն ժամանակի համեմատ դեղորայքն ու բուժսպասարկումը թանկացել են ավելի քան 11 տոկոսով:
Դեղամիջոցներից ամեաարագը թանկացել է յոդը` 22.6 տոկոսով: Արդյունքում, օգոստոսին Երևանում յոդի մեկ սրվակը կարելի էր գնել միջինը 217 դրամով: Նույն ժամանակում երկնիշ թանկացում են գրանցել նաև սիրտ-անոթային հեղուկ դեղամիջոց Կարվալոլը` 18.1 տոկոսով, հակաալերգիկ դեղամիջոցը` 14.3 տոկոսով, ներարկման Անալգինը` 11.1 տոկոսով: Այս ընթացքում թանկացել են բոլոր դեղամիջոցները, բացառությամբ Ամպիցիլին դեղամիջոցի, որն էժանանում է տարեսկզբից` -3.7 տոկոս:
Ինչ վերաբերում է բժշկական ծառայություններին, ապա թանկացումով առաջին հերթին աչքի են ընկնում ատամնաբուժական ծառայությունները, ինչը պայմանավորված է տարեսկզբից ատամանաբույժների համար արտոնագրային վճարների բարձրացմամբ:
Այսպես, այդ նույն ժամանակում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալի, ատամների բուժումը թանկացել է մոտ 16 տոկոսով, իսկ ատամների պրոթեզավորումը` մոտ 13 տոկոսով: Երկնիշ թանկացել են նաև հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքների ծառայությունները` մոտ 11 տոկոսով և առողջարանային ծառայությունները` ավելի քան 19 տոկոսով: Զգալիորեն թանկացել են նաև մնացած բոլոր բժշկական ծառայությունները, իսկ էժանացում ոչ մի ծառայության գծով չի գրանցվել:
Այսպիսով, օգոստոսին ատամների բուժման ծառայության միջինացված գինը Երևանում մոտ 6000 դրամ էր, իսկ ատամների պրոթեզավորման միջինացված գինը` 19800 դրամ: