14:38 , 8 սեպտեմբեր, 2013
Լինում է, չէ՞, արտահայտություն ես լսում կամ տողեր ես կարդում, որոնք հետո օրեր շարունակ պտտվում են գլխումդ ու մի տեսակ առաջնորդող բան դառնում քեզ համար: Էսօր որոշել եմ հրապարակել ինձ հարազատ դարձած տողերը: Հավաքում եմ բոլորը մի տեղ, որ, երբ հերթական անգամ քիթ ու մռութս կախեմ, մտնեմ կարդամ, ու տրամադրությունս բարձրանա կամ մխիթարվեմ, միգուցե ![]()
Ես հասկացա, որ կյանքում իմ ունեցած և չունեցած ամեն ինչի համար անընդհատ շնորհակալ պիտի լինեմ. դա բազմապատկում է իմ երջանկությունը: (Հեղինակին չեմ հիշում)
Եվ ինչ իմանաս` ինչ է ազատությունը, եթե գոնե մի 50 մետր տկլոր չես վազել ծովեզերքով: (Կարեն Անտաշյան)
Երանի մեկը գա
նա, ով գնալու պահին չի գնա: (Սեյեդ Ալի Սալեհի)
Մեկ բաժակ թեյով անգամ
կարելի է հարբել
եթե նա, ով պիտի լինի
կա… (Հոսեյն Փանահի)
Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ է: (Զառա Բաթոյան)
Ես վաղուց քեզ արդարացրել եմ, ավելի լավ, քան ցանկացած դատապաշտպան: Որովհետև ամեն գիշեր սրտիս վրա եմ քնում… (Զառա Բաթոյան)
…և լավագույնը սպանության մեջ նրանք են,
ովքեր քարոզում են «մի սպանիր»
և լավագույնն ատելության մեջ նրանք են,
ովքեր քարոզում են սեր
և լավագույնը պատերազմի մեջ նրանք են,
ովքեր քարոզում են խաղաղություն: (Չարլզ Բուքովսկի)
…բոլորս
մի եզակի ճակատագրի
թակարդում ենք:
ոչ ոք երբևէ չի գտնում
էն միակին: (Չարլզ Բուքովսկի)