Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300 հազարական դրամները կշարունակեն վճարել. Ժամկետը երկարաձվել է


12:13 , 25 մայիս, 2023

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 25-ի նիստում որոշում կայացրեց, որով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացրեց:

Ներկայացված նախագծով առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը  հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 33,6 մլն դրամ:

Կառավարության որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև 2023 թվականի մարտ և ապրիլ ամիսները՝ ներառյալ սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մայիս և հունիս ամիսները՝ ներառյալ:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

26.04.2023 դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է ս.թ. մայիսի 1-ից: Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 33,600.0 հազար դրամ: