«Միլիցա Արմենը» թաքցնում է իրական մեղավորներին
13:26 , 18 մայիս, 2023
ՔՊ-ական «Միլիցա Արմենը», մեկնաբանելով տոննաների հասնող կոկաինի պատմությունը, վստահեցրել է, որ իրենք ամեն ինչ անում են՝ Հայաստանում նարկովարակը զսպելու համար: Խնդրին այնքան խնամքով են մոտենում, պարզվում է, որ նույնիսկ փակ ռեժիմով ԱԺ-ում առանձին քննակումներ են անում: Խաչատրյան Արմենը վստահեցրել է, որ ուժայինները ոչ մի խնդիր չեն ունենալու՝ առավել արդյունավետորեն պայքարելու նարկոմանիայի դեմ. թե՛ տեխնիկապես, թե՛ օրենսդրորեն ՔՊ-ն աջակցելու է, որ նարկոտիկները շուտ հայտնաբերվեն:
Հարց՝ կլյոշ բերանով Արմենին՝ իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանի «նարկոֆիկացիան» պայմանավորված լինի ասենք իշխանությունների բնույթով՝ նկատի ունենալով այն անհերքելի իրողությունը, որ նախքան Նիկոլի իշխանության գալը Հայաստանում ուժայինները նարկոմանիայի դեմ պայքարում բավական լուրջ հաջողություններ էին գրանցում՝ երկիրը հնարավորինս զերծ պահելով նման այլասերումից: Օրինակ՝ Արմենը հիշո՞ւմ է, թե ինչպես էին Միրզոյան Արոն ու Սիմոնյան Ալենը հայտարարում, որ մտադիր են Հայաստանում օրինականացնել առնվազը թեթև նարկոտիկները՝ մարիխուանան և այլն: Պատահակա՞ն էր այդ ամենը:
Արմենը ոչ միայն հիշում է, այլև, անկասկած, շատ լավ տեղյակ է, թե երկրում ստեղծված այս խայտառակ վիճակի մեղավորն ով է: Փորձելով ստեղծել թմրանյութերի դեմ անխոնջ կերպով պայքարող ուժի տպավորություն՝ ՔՊ-ն այսօր փաստացի պատճառ է դարձել նման իրավիճակի, քանի որ եթե նույնիսկ բացառում ենք այն վարկածը, որ նարկոշրջանառության իրական հովանավորները գտնվում են ՔՊ-ի ներսում, ապա թեկուզ ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի ու թափթվածության գործոնը բավարար է՝ իշխանություններին հիմնավոր մեղադրանք ներկայացնելու:
Փոխարենը գործով զբաղվելու ուժայինները տարիներ ի վեր լծված են Նիկոլի անձնական անվտանգության երաշխավորման «հույժ կարևոր» գործին, ինչի հետևանքով Հայաստանը բռնել է Վրաստանի կործանարար ուղին, որտեղ, ինչպես հայտնի է, նարկոմանիան անպատկերացնելի տարածում ունի: