Մաքսային միությանն անդամագրվելը դրական կանդրադառնա Ռուսաստանում բնակվող հայերի վրա


13:24 , 7 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Իհարկե նմանատիպ հայտարարությունը և դրան հաջորդող գործողությունները միայն դրական կանդրադառնան Ռուսաստանում բնակվող հայերի վրա, որովհետև անկախ նրանից, թե ինչ հարաբերություն կա պետությունների միջև, Ռուսաստանում բնակվող հայերը միշտ օբյեկտիվ պատճառներով սերտ կապ են պահպանում և կշարունակեն պահպանել այդ կապը Հայաստանի հետ, քանի որ շատերն այդտեղ հարազատներ ունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արա Աբրահամյանի կողմից ղեկավարվող «Ռուսաստանի հայերի միության» մամլո խոսնակ Լուսիկ Ղուկասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս Ռուսաստանում բնակվող հայերի վրա կանդրադառնա Մաքսային միությանն անդամագրվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը:

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է Հայաստանի հակառակ որոշումը, այն է՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Եվրամիության հետ, վատ անդրադառնար Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների վրա,ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Իհարկե կարող ենք գուշակել՝ ինչ կլիներ, եթե լիներ…, բայց պատմությունը փաստերի վրա է հիմնված: Այսօրվա դրությամբ ունենք այն, ինչ ունենք: Ամենայն հավանականությամբ, այո՛ կլինեին որոշակի խնդիրներ, բայց եթե ապրում են պետությունում և պահպանում այդ պետության օրենքները, ուրեմն ոչ մի խնդիր թեորեապես նրանց հետ չէր լինի: Ես կխուսափեմ գնահատական տալ «ինչ կլիներ, եթե լիներ» կոնտեքստում:

Այսօրվա դրությամբ մենք ունենք ՀՀ նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է մտնել Մաքսային միություն, և ես կարծում եմ՝ դա ինչպես պետության, այնպես էլ երկու պետություններում ապրող հանրությունների հետաքրքրությունների շրջանակում է»,- պատասխանեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ այս հայտարարությունից հետո Ռուսաստանում անլեգալ բնակվող հայերի նկատմամբ ճնշումներն ու արտաքսումը դադարեն, Լուսիկ Ղուկասյանը պատասխանեց․ «Մենք չունենք այդպիսի տվյալներ, բայց եթե լինում են և մանավանդ, երբ դրանք մասսայական բնույթ են կրում, առաջինը որտեղ նրանք (կապ չունի Ռուսաստանի քաղաքացի են, թե ուղղակի հայեր, որոնք ապրում են Ռուսաստանում) դիմում են «Ռուսաստանի հայերի միություն», իսկ եթե ուրիշ տեղ են դիմում՝ նորից ուղարկում են «Ռուսաստանի հայերի միություն», հիմա մասսայական այդպիսի գործընթացներ չկան: Հայաստանում կար անհանգստություն, որ այստեղ խստացումներ կան շուկաներում աշխատող հայերի նկատմամբ, մենք ՆՎԴ-ի ներկայացուցիչներին հրավիրեցինք մեր գրասենյակ և զրուցեցինք, և մեզ բացատրեցին, որ իրենց կողմից ճնշման ենթարկվածների թվում հայեր չկան, Ձեր նշած ինֆորմացիան մենք չունենք»: