Նիկոլը Մոսկվայի համար վտանգավոր է դառնում
12:47 , 8 մայիս, 2023
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի փոփոխությունը շատերի մոտ հույսեր էր առաջ բերել, որ Արցախում իրավիճակը կարող է փոխվել. կեղծ բնապահպանների կողմից բեմադրված խեղկատակության ավարտը, սակայն, պարզվեց, որ նոր՝ շատ ավելի վտանգավոր քայլի նախերգանքն էր, որին գնալով՝ Բաքուն է՛լ ավելի ապակառուցողական դիրքորոշում որդեգրեց՝ իսպառ հրաժարվելով քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տեղադրված անցակետի ապամոնտաժման հնարավորությունը:
Օրերս տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի գլխավորությամբ այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Սակայն հույսերը, որ Լենցովին կհաջողվի դրական տեղաշարժ գրանցել, սին են դուրս եկել. քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Հաղորդվում է, որ ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում:
Իհարկե, դավադրապաշտները կարող են հայտարարել, որ Լենցովի՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները բեմադրություն են, և ռուսներն իրականում վաղուց են համաձայնվել գործուն միջոցներ չձեռնարկել ընդդեմ ադրբեջանական կապրիզների, սակայն ակնհայտ է, որ կատարվողը բացատրել բացառապես ռուս-թուրքական համաձայնությամբ, ուղղակի չի կարելի:
Խնդիրն այն է, որ Արևմուտքը հետզհետե իր ձեռքն է վերցնում Կովկասում խաղաղություն հասնելուն միտված բանակցային պրոցեսը: Հիմա էլ «Financial Times»-ը գրել է, որ Նիկոլն ու Ալիևը շաբաթվա վերջին կհանդիպեն Բրյուսելում. Միշելն է հյուրընկալելու: Այս տեղեկությունը տրածավում է, փաստորեն, այս ամիս Մոսկվայում կայանալիք բանակությունների մասին տարածված լուրերի ֆոնին, ինչը կրկնակի է ընդգծում Արևմուտքի սկզբունքայնությունը՝ Մոսկվային շանս չթողնելու կամ առնվազը նրան «երկրորդ ջութակի» դերում դնելու:
Իսկ այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանի քեֆին չդիպչելու, ամեն բան ըստ Իլհամի ցանկության անելու տակտիկան, որը որդեգրել է Մոսկվան, կարող է չար կատակ խաղալ Կրեմլի հետ, ինչը չեն կարող չհասկանալ Ռուսաստանում: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Լենցովի ջանքերը՝ ինչ-որ բան դեպի լավը փոխելու, չեն կարող համարվել կեղծավորություն. ադրբեջանցիների հետ անպտուղ բանակցությունները հետևանք են Իլհամի ռսպիության, ինչպես նաև, բնականաբար, Նիկոլի դավաճանության: Ավելին՝ հենց Նիոլն է Իլհամին թևեր տալիս՝ ոչ մի հետքայլ չկատարելու անցակետի խնդրում: Ինչպե՞ս, շատ պարզ. երբ դու Արցախը ի լուր աշխարհի հայտարարում ես՝ Ադրբեջանի տնտեսական գոտի՝ Ղարաբաղ անվամբ, հետևանքը պետք է սա լինի:
Գուցե ինչ-որ ժամանակ Նիկոլը Մոսկվային նույնպես ձեռնտու կերպար էր, որին հաջողվում էր «քամել», բայց գալու է մի կետ, որ Նիկոլը Կրեմլի գլխին փորձանք է դառնալու: Հարց՝ Մոսկվային կհաջողվի՞ ճիշտ ժամանակին հեռացնել Նիկոլին, թե՞ արդեն բանը բանից անցել է կամ մոտ է անդառնալիության կետին: