09:49 , 7 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հոգեբույժ գիտնականները կարծում են, որ օրական 6 և ավելի ժամ անընդմեջ համացանցից օգտվելը կարող է նշանակել, որ մարդը մասնագետի օգնության կարիք ունի: Կախվածության այդ տեսակը դեռևս պաշտոնապես ներառված չէ հոգեկան հիվանդությունների ցուցակում՝ գրում է Huffington Post-ը:
Առաջին բուժհաստատություններից մեկը, որն առաջարկում է համացանցից կախվածության բուժում, Փենսիլվանիայի տարածաշրջանային բժշկական Բրեդֆորդ կենտրոնն է:
«Մենք ծրագրում ենք առաջին 10-օրյա կուրսը սկսել սեպտեմբերի 9-ին: Ծրագրում ներառված է ալկոհոլից և թմրանյութերից կախվածության բուժում մասնագետների կողմից: Համացանցից կախվածությունն այս երկրում կարող է ավելի տարածված լինել, քան ալկոհոլիզմը»,- կարծում է հոգեբույժ Քիմբերլի Յանգը:
Հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի ղեկավար Ռոջեր Լարոշի խոսքով՝ համացանցից կախվածություն ունեցող մարդկանց մեծ մասը հոգեկան խանգարումներ կամ անձնական խնդիրներ ունի: Հիվանդը պետք է 14 հազար դոլար վճարի կուրսի համար:
Մասնագետները կարծում են, որ համացանցից կախվածությունը կարող է ավելի լուրջ հոգեկան խանգարումների ախտանշաններից մեկը լինել: