06:53 , 7 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Վաղը Լոռու մարզի Դսեղ գյուղում մեկնարկելու է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 8-րդ փառատոնը: Այն կանցկացվի «Տիկնիկները հանուն բարեկամության և մշակույթների մերձեցման» կարգախոսի ներքո:Փառատոնն անցկացվում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը մշակույթի նախարարության աջակցությամբ:Փառատոնի նպատակն է նպաստել նոր սերնդի գեղագիտական դաստիարակությանը, տիկնիկային արվեստի զարգացմանը, մշակույթի ապակենտրոնացմամբ աշխուժացնել մշակութային կյանքը Հայաստանի մարզերում և հեռավոր բնակավայրերում: Այն կարևոր հարթակ է տարբեր ազգերի մշակույթների մերձեցման, տիկնիկային արվեստի բնագավառում ժամանակակից ձեռքբերումների փոխադարձ ծանոթացման, տիկնիկային արվեստում միջազգային փորձի փոխանակման համար:«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 8-րդ փառատոնի մեկնարկը կտրվի Դսեղի հրապարակում` Հովհ. Թումանյանի արձանի մոտ: Ներկայացումները կցուցադրվեն անվճար՝ Դսեղի մշակույթի տանը և գյուղապետարանի դահլիճում: Փառատոնի ընթացքում ներկայացումներով հանդես կգան Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Էջմիածնի, Ախալքալակի, Սպիտակի, Դսեղի, Մրգաշատի, Մեծամորի, Շուշիի տիկնիկային թատրոնները, ինչպես նաև ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի՝ վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծված 4 տիկնիկային թատրոնները:Մշակույթի նախարարությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ փառատոնին կմասնակցեն տիկնիկային թատրոններ Վրաստանից, Բելգիայից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Դանիայից, Բուլղարիայից, Սերբիայից, Գերմանիայի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ալժիրից, Ուկրաինայից, Չեխիայից, Ղազախստանից, Թուրքմենիայից և Ֆրանսիայից, ինչպես նաև Արցախից և Ջավախքից:Փառատոնի ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը, որի կապակցությամբ կներկայացվի մեծանուն կոմպոզիտորի «Մանկական ալբոմի» ստեղծագործությունների հիման վրա բեմադրված երաժշտական հեքիաթ-ներկայացում` տարբեր ժողովուրդների հեքիաթների հերոսներով:
Նյութն ամբողջությամբ` այստեղ