Օբաման Սիրիայի վերաբերյալ Պուտինի հետ զրույցն անկեղծ և կառուցողական է համարում


23:13 , 6 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի վերաբերյալ խոսակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անկեղծ և կառուցողական է համարել: Այս մասին նա հայտարարել է Սանկտ Պետերբուրգում G20-ի գագաթնաժողովի արդյունքների ամփոփման ժամանակ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Օբաման նաև ընդգծել է, որ հարգում է նրանց տեսակետը, ովքեր ասում են, որ Սիրիային անհնար է հարվածել առանց ՄԱԿ ԱԽ-ի թույլտվության: Սակայն նրա կարծիքով՝ Անվտանգության խորհրդի անգործության պայմաններում պետք չէ այս կանոնով առաջնորդվել: Նա ընդգծել է, որ Սիրիա ներխուժմանը կողմ երկրներից ոչ մեկը չի պատրաստվում այնտեղ վերգետնյա գործողություն իրականացնել՝ չնայած որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, Օբամայի կարծիքով, սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար:

Նշենք, որ սեպտեմբերի 10-ին Օբաման պատրաստվում է հանդես գալ ԱՄՆ ժողովրդին ուղղված հատուկ ուղերձով, որում հայտարարություն կանի Սիրիայի խնդրի հետ կապված: