17:54 , 6 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Ռուստամ Հարությունյանի գործի դատավարությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 34-ամյա Ռուստամ Հարությունյանը 2013 թվականի մարտի 19-ին Նաիրա Գաբրիելյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև այն գործադրելու սպառնալիքով, նրա կամքին հակառակ ապօրինի զրկել է ազատությունից:
Այսօր դատարանում հարցաքննվեց տուժող Նաիրա Գաբրիելյանը:
40-ամյա Նաիրան հանցագործության մասին հաղորդում տալիս ու հետագա ցուցմունքներում Ռուստամին անվանել է իր «ընկեր», իսկ դատարանում նրան կոչում էր իր փաստացի ամուսին ու հայտնեց, թե իրենց փաստացի ամուսնական հարաբերությունները սկիզբ են առել 2002 թվականին:
Նաիրան առաջին ամուսնուց երկու չափահաս տղաներ ունի, ներկայումս ապրում է քսանամյա որդու հետ:
Ռուստամն արհեստավոր է, քարի մշակման գործեր է անում ու ինչ-որ չափով, ըստ երևույթին, հոգացել է նաև Նաիրայի հոգսերը:
Բայց նրանց «փաստացի» հարաբերություններն անամպ չեն դասավորվել. Ռուստամը, ըստ Նաիրայի, անհիմն խանդի պատճառով ձեռքերին ազատություն տալու սովորություն է ունեցել, ինչի պատճառով Նաիրան նախկինում մի քանի անգամ ոստիկանություն է դիմել, բայց հետո հաշտվել է Ռուստամի հետ, ու վերջինս քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
Այս անգամ, սակայն, Նաիրան ոստիկանությունում հաղորդում է տվել ոչ թե պարզապես ծեծի, այլ այն մասին, որ Ռուստամն իրեն ապօրինի զրկել է ազատությունից:
Սա արդեն ծանր հանցագործություն է, որի պարագայում հաշտության հիմքով քրեական գործի վարույթը չի կարճվում, իսկ տուժողից պահանջվում է ճշմարտացի ցուցմունքներ տալ ու մոլորության մեջ չգցել նախաքննական և դատաքննական մարմիններին:
Մինչդեռ Նաիրան իր սովորական մեխանիզմով է գործել. հաղորդումը տվել է, մի քանի ցուցմունքներում նկարագրել Ռուստամի կատարած հանցավոր արարքը, հետո վճռել է հաշտվել ու «հետ վերցնել բողոքը»:
Միայն թե այս անգամ նախաքննական մարմինը նրան ասել է. «Սա խաղուպար չի, պատվերով համերգ չի, սա լուրջ հանցագործություն է, որի համար մեղավորը պետք է պատասխանատվության ենթարկվի»:
«Տարիներ առաջ էլի էի դիմել ոստիկանություն: Հիմա չէի պատկերացնում, որ սենց ընթացք կտային: Երբ Ռուստամին տեսա ձեռնաշղթայով, սթափվեցի, ասի՝ էս ի՞նչ եմ գրել... Ես չեմ գիտակցել, որ իրան կնստացնեն...»,-դատարանում չքմեղացավ Նաիրան:
Նա ոստիկանությունում հաղորդում, ապա ցուցմունքներ է տվել, քննչական փորձարարության ժամանակ դեպքի վայրն է ցույց տվել, դատաբժշկական փորձագետի հետ զրույցում էլ անկեղծացել ու ներկայացրել է հետևյալը. դեպքից առաջ Ռուստամի հետ վիճել էր, նորից՝ «անհիմն խանդի պատճառով»:
Դեպքի օրը՝ 2013 թվականի մարտի 19-ին Ռուստամը զանգել ու ասել է, որ ցանկանում է աշխատանքից հետո հանդիպեն ու խոսեն:
Նաիրան այդ օրը երեկոյան որդու հետ պիտի գնար Մուրացանի փողոցում ապրող նրա ընկերոջ տուն: Մտածել է՝ Ռուստամի հետ կխոսի, հետո միանգամից կգնա տղայի ընկերոջ տուն:
Ռուստամը Նաիրային դիմավորել է, տաքսի նստեցրել: Մեքենայի մեջ արդեն սկսել է վիճել Նաիրայի հետ: Զայրացել է, որ նա պատրաստվում է Մուրացանի փողոցում ապրող ինչ-որ մեկի տուն գնալ: Արգելել է գնալ, ասել է՝ քեզ ո՞վ է էնտեղ սպասում:
Մեքենայով գնացել են Ռուստամի աշխատավայր՝ գաջի գործարանի մոտ գտնվող քարի արտադրամաս: Աշխատողներն արդեն տուն էին գնացել, արտադրամասում մարդ չկար:
Ռուստամը Նաիրային հարվածելով մեքենայից իջեցրել է, խփել-գցել է գետնին, մազերից քաշելով՝ ներս տարել: Ծեծել է ձեռքերով, ոտքերով, նույնիսկ բահով:
Բանալիով փակել է սենյակի դուռը, բանալին դրել գրպանը և թույլ չի տվել, որ Նաիրան դուրս գա, նրա հեռախոսն էլ անջատել կամ ջարդել է: Խմել է երկու շիշ գարեջուր ու իրենից անկախ՝ վերջապես քուն է մտել:
Գիշերվա ժամը 4-ին Նաիրան քնած Ռուստամի գրպանից զգուշորեն հանել է բանալին, դուռը բացել ու հեռացել:
Փողոցից զանգել է որդուն, ասել՝ մեքենա վերցրու, արի ինձ դիմավորի, Ռուստամի հետ «վիճվել ենք»:
Հետո հենց ինքն էլ տաքսի է գտել, փողոցում հանդիպել ընդառաջ եկած որդուն:
Այդ տարաժամին մայր ու որդի ուղևորվել են ոչ թե Սարի թաղում գտնվող իրենց տուն, այլ Նաիրայի ընկերուհու տուն, ով բնակվում էր Ամիրյանի վրա:
Ըստ երևույթին՝ Նաիրան վախեցել է, թե Ռուստամը կարթնանա, կտեսնի, որ ինքը հեռացել է, կզայրանա ու...
Բայց ընկերուհին այդ ժամին իր տուն չի թողել Նաիրային ու որդուն: Նրանք, այնուամենայնիվ, գնացել են իրենց տուն:
Դեպքից երկու օր հետո Նաիրան, շարունակելով մնալ զայրացած, գնացել է ոստիկանություն ու հաղորդում տվել: «Մտածեցի երևի, միգուցե վախեցնեմ Ռուստամին, ոնց որ ինքն էր ինձ ցավ պատճառել, ես էլ իրեն ցավ պատճառեմ: Բայց իրական հետևանքները չեմ հասկացել...»,- ասաց Նաիրան:
Ինչ վերաբերում է ցավ պատճառելուն, ապա դատաբժշակական փորձաքննություններ են եղել, հայտնաբերվել է, որ Նաիրան կողի կոտրվածք ունի, ինչպես նաև՝ մարմնի ու դեմքի շրջանում բազմաթիվ վնասվածքներ:
Նաիրան դատարանում բոլոր ջանքերը գործադրեց՝ ներկայացնելու համար, թե իր պատմածը սխալ է մեկնաբանել քննիչը, այնպիսի ձևակերպումներ է տվել, որոնց տերմիններն ինքը չի հասկացել:
Նաիրան դատարանում ներկայացրեց, թե Ռուստամն իր մազերից քաշելով չի տարել քարի արտադրամասի սենյակ, բահով չի հարվածել: Այո, ինքը «ծեծ է կերել», բայց՝ ոչինչ, իրենք ընդամենը լեզվակռիվ են արել:
Հետո համաձայնության են եկել ու որոշել են մնալ արտադրամասի տնօրենի առանձնասենյակում: Այդ ժամանակ է Ռուստամը, իր համաձայնությամբ, բանալիով փակել դուռը, որ առավոտյան տնօրենը, մյուս աշխատողները պատահական սենյակ չմտնեին: Բանալին դրել է գրպանը ու քուն է մտել: Ինքը նրա գրպանից բանալին ոչ թե թաքուն է հանել, այլ՝ զգույշ. «Չէի ցանկանում արթնացնել: Նա հոգնած էր, քեֆն էլ մի քիչ լավ էր...»:
Հարցաքննության ընթացքում Նաիրան չշեղվեց իր ներկա դիրքորոշումից: Ի վերջո, նա հայտարարեց, թե հաղորդումն ու նախաքննական սկզբնական ցուցմունքները սուտ են, դրանք տվել է զայրույթից, բացի դրանից՝ իր ասածները ոստիկանությունում, հատկապես քննիչի կողմից «ուրիշ ձև են մեկնաբանվել»:
Քառասնամյա կինը կանգնել էր դատարանում, որտեղ, որպես տուժող, նախազգուշացվել ու ստորագրել էր սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին: Բայց նա, միևնույնն է, կանգնել ու համառորեն իրենն էր պնդում՝ ինձ ուղղորդեցին, իմ ասածն իրենց բառերով գրեցին և այլն: Իսկ երբ նա, հարցաքննությունից հոգնած, հայտարարեց, թե ծանր հանցագործության մասին սուտ հաղորդում ու սուտ ցուցմունքներ է տվել, նրա ներկայացուցիչը ոչինչ չասաց, լռեց, թույլ տվեց, որ իր վստահորդի հայտարարությունը ձայնագրվի, դառնա փաստ...
Մոր հայտարարության նման մի հայտարարություն էլ դատարանում արեց որպես վկա հարցաքննվող քսանամյա որդին, ով ասաց, թե դեպքի մանրամասների մասին իր տված ցուցմունքն իրականում քննիչն է գրել, ինքը նման բաներ չի ասել, ստորագրել է առանց հասկանալու, քննիչը շատ արագ է ընթերցել, ինքը չի հասկացել, չի պատկերացրել, դրա համար էլ սուտ ցուցմունքի տակ ստորագրել է...
Մայր ու որդի այսպես ջանք էին թափում դատարանին ապացուցելու համար, որ Ռուստամը չի կատարել այն, ինչի համար նրան մեղադրել են:
Այդ ժամանակ Ռուստամը անմեղի, հանիրավի կալանքի տակ առնվածի քննադատական կեցվածքով նստած՝ ունկնդրում էր: Նրա դեմքին չկար թեկուզ՝ ծեծի, կնոջ նկատմամբ բռնանալու համար մեղավորության, զղջումի որևէ հեռավոր արտահայտություն: Ավելին, նա հայտարարեց, թե ինքն անտեր է, դրա համար էլ նստած է, չնայած նրա պաշտպանը հանրային պաշտպան չէր, դեռ տուժողի ներկայացուցիչն էլ էր համարյա ի պաշտպանություն Ռուստամի գործում:
«Դատեք, ինձ հինգ տարի տվեք, մեկա անտեր եմ, որ տեր ունենայի, ստեղ չէի հասնի: Հա, ծեծել եմ, դրա համար տուգանեք, բայց ինձ մի դատապարտեք»,- մենախոսեց ամբաստանյալ Ռուստամը:
Նախագահողը նրան սաստեց, նշեց, որ տուգանքը ևս դատապարտություն է, պատժատեսակ:
«Պնդում եմ, որ իմ տված հաղորդումը և ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում: Ես ընդունում եմ իմ մեղքը»,- սրանք ամբաստանյալի խոսքերը չեն: Իր ցուցմունքն այսպես եզրափակեց այս գործով տուժող համարվող Նաիրան: