Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 35 000 տ խաղող


17:05 , 6 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 35 000 տ խաղող, ինչը շուրջ 10 000 տ-ով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը, տեղեկացնում են գործարանից:

Ըստ հաղորդագրության՝ մթերման այսպիսի աննախադեպ ծավալ չի գրանցվել վերջին 15 տարում: Սեպտեմբերի 9-ին մթերումը կմեկնարկի Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), 10-ին` Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ) և 17-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ):

Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 145 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 135 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 140 և 130 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:

Ընկերության հետ համագործակցող և ապառիկ եղանակով բուժանյութեր ստացած այն խաղողագործների պարտքերը, ում բերքը ս.թ. մայիսի 12-ին տեղացած կարկտահարության հետևանքով ամբողջությամբ վնասվել է, 100%-ով կզրոյացվեն: Նախնական հաշվարկով Արմավիրի մարզում ԵԿԳ-ն կզիջի առավել քան 340 խաղողագործի պարտք, ինչը կազմում է մոտ 54 միլիոն ՀՀ դրամ:

2013 թվականին Երևանի կոնյակի գործարանը 906-ով ավելացրել է իր հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների թիվը: Առանձնահատուկ կարևորելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացումը` ԵԿԳ-ն այս տարի ևս կավելացնի Տավուշում մթերվող խաղողի ծավալները` հասցնելով այն 4000տ-ի, այդ թվում սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի բերքի գրեթե 100 տոկոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ