16:35 , 6 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Ռուսերենով թարգմանվել ու լայն հանրությանն է ներկայացվել հայտնի ամերիկացի գրող Դեն Բրաունի «Inferno» (Դիվական) վեպը։ Լայն հանրությանն աշխատությունն անգլերենով ներկայացվել էր այս տարվա մայիսի 14-ին։
Գրքի գլխավոր հերոսը շարունակում է մնալ բոլորին հայտնի «Դա Վինչիի կոդը» աշխարհահռչակ վեպի Հարվրդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը։ Վեպի գործողությունները զարգանում են մեր օրերում, սակայն ընթացքում միահյուսվում են Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության ընթացքին։ Գրքի սկզբում պրոֆեսորն ուշքի է գալիս հիվանդանոցում. երազում նա լսել էր Աստվածաշնչյան արտահայտություններից մեկը՝ «փնտրեք և կգտնեք…»։ Պրոֆեսորն արթնանում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան հսկում է տեղի իտալացի բժիշկ Սիենա Բրուկսը։
Վեպի գործողությունների կիզակետում ընկած է Դանթե Ալիգերիի «Աստվածային կատակերգության» առաջին մասը, հայտնի «Դժոխք» անվամբ։ Ինչպես ներկայացվում է գրքի նախաբանում, հերոսները փորձում են գտնել տեղն ու պատկերացնել «մարդկության անհետացումը»։ Հետաքրքրական է, որ հերոսների գործողությունում կենտրոնական դեր է կատարում Սանդրո Բոտիչելլիի «Դժոխքի քարտեզն» ու միջնադարյան ծավալուն քարտեզներից մեկը՝ Mappa Mundi-ն։ Ռոբերտ Լենգդոնը մտադրված սկսում է փնտրել միջնադարյան Հայաստանի քարտեզը, որի հետևում էլ հենց թաքնված է լինում գաղտնի մուտքը: Մուտքը դեպի Սատանայի ստորգետնյա աշխարհը, որը կառուցվել էր 1300-ականներին հերցոգ Աթենացու կողմից։ Այն նախատեսված էր փրկության միջանցք հանդիսանալու համար քաղաքի պաշարման ժամանակ։ Սակայն արի ու տես, որ այն թաքցնում է ավելին, քան պարզապես գաղտնի ելքը դեպի դուրս...։
Սանդրո Բոտիչելլիի - Դժոխքի քարտեզը