17:11 , 11 ապրիլ, 2023Այսօր անձրևանոց են նետում, վաղը կարող են «լիմոնկա» նետել
Հայտնի է դարձել, թե ով է եղել այն կինը, որը Մալիշկայում Նիկոլի ուղղությամբ անձրևանոց է նետել. բազմազավակ մայր 47-ամյա Նարինեն է՝ Քաշաթաղի շրջանից տեղահանվածներից մեկը, իսկ ավելի կոնկրետ՝ թշնամուն հանձնված Քարեգահի գյուղի բնակիչներից:
ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, թե ինչպես են հապճեպորեն «պատիվ պահանջել» քաղաքացուց՝ սեփական հույզերը նման կերպ արտահայտելու համար. դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։ Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները: Տիկնոջը մեղադրում են Նիկոլի նկատամբ «բռնություն գործադրելու» համար:
Տարօրինակ կլիներ, եթե ՔԿ-ն նման հայտարարություն չտարածեր, ու հանկարծ տեղեկանայինք, որ Նիկոլը, ըմբռնումով մոտենալով իր ուղղությամբ ընդամենն անձրևանոց նետած կնոջը, թեման «ջրել» է, շարունակություն չի տվել: Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե իր իսկ արկածախնդիր քաղաքականության հետևանքով տուժած քաղաքացու վրա չփորձեր ինքնահաստատվել, նման ճղճիմ քայլի չդիմեր:
Անկասկած, Նարինեն ստիպված է նման քայլի դիմել. եթե Նիկոլը թքած չունենար Նարինեի կարգավիճակում գտնվող բազում քաղաքացիների ու ընտանիքների վրա, նա նման քայլի չէր գնա, ՔԿ-ին հուզվելու առիթ չէր տա ու գուցե նույնիսկ դեռ մի բան էլ շնորհակալութուն ասեր:
Նիկոլն ուղղակի պարտավոր է հետևություններ անել, եթե, իհարկե, հասկանում է տեղի ունեցածից հետևություններ չանելու հետևանքները: Այսօր անձրևանոց են նետում, վաղը կարող է և «լիմոնկա» նետեն՝ գրողի ծոցն ուղարկելով Հայաստանից թալանած փողերը լոնդոններում վայելելու մասին նիկոլական երազանքները: