Անկախություն ձեռքբերելու և հետո այն ետ վաճառելու համա՞ր էինք պայքարում


13:54 , 6 սեպտեմբեր, 2013

Չեմ հասկանում` ինչի համար էր իննսունականների սկզբին պայքարում հայ ժողովուրդը և անձամբ Սերժ Սարգսյանը, անկախություն ձեռքբերելու և հետո այն ետ վաճառելու, հա՞, սովետական պոլիտբյուրոյից ազատվելու, սեփական կոմկուս ստեղծելու և ինքնուրույն բրեժնևյան ոճով անվերջ աթոռին մնալու համար: Վերջ ի վերջո ինչո՞վ է Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ կուսակցությունը տարբերվում այսօր նույն Բրեժնևից, Չերնենկոյից և կոմունիստական կուսակցությունից: Ավելի քի՞չ ռեպրեսիաներով և դաժանությամբ: Կասկած չունեմ, որ ոչ մի սահման չկա, և անհրաժեշտության դեպքում այնպես կանեն, որ 2008-ի մարտի 1-ը հայ ազգի համար կարող է համազգային տոն թվալ: Ռեպրեսիանե՞ր չեն ապահով Հայաստանում և ավելի լավ Երևանում այլակարծություն ունեցողներին ծեծելը: Ռեպրեսիա՞ չէ ոստիկանության անգործությունը և անտեղի բռնությունը, գործսարքությունը: Ընդհանրապես տպավորություն է, որ կրկեսը քանդելուց հետո կրկեսի բոլոր անգործ մնացած աշխատակիցները ընդունվել են ոստիկանություն: Այստեղ են և՛ աճպարարները, և՛ կենդանիների ետևից մաքրող բանվորները, իսկ կլոունների քանակը նորմայից մի քանի անգամ շատ է: