Հիմա որ Նիկոլի փոխարեն Հակոբյան Աննան լիներ վարչապետ, բա՞ն էր փոխվելու էս երկրում
14:13 , 6 ապրիլ, 2023
Կառավարության նիստում Նիկոլը հայտարարել է, որ պետությունն իր առաջ խնդիր է դրել՝ պարեկների կազմը կրկին համալրելու. առնվազը 30%-ը պետք է լինեն իգական սեռի ներկայացուցիչներ: Այս տրամաբանությունից ելնելով՝ Նիկոլը հանձնարարել է համակարգ ընդունել այլևս բացառապես կանանց՝ հայտարարելով՝ չեն հուսահատվում, որ դեռևս լուծված չէ այդ խնդիրը: Ընդ որում՝ Նիկոլն օգնություն է խնդրել նույնիսկ պետական կառավարման համակարգում ընդգրկված կին առաջնորդներին՝ օգնելու իրեն լուծել այս «հույժ կարևոր գերխնդիրը»:
Պարեկային ծառայության մասին շատ է խոսվել, բազմաթիվ հիմնավոր առիթներ են եղել ու այսօր էլ կան՝ փաստելու, որ այս ծառայությունը, մեղմ, ասած, չի արդարացրել իրեն՝ փաստացի վերածվելով հայ ժողովրդի գլխին մի մեծ պատուհասի:
Ի՞նչ խնդիր է լուծելու Նիկոլը՝ ծառայությունը «գեղեցկացնելով»: Այս հարցի պատասխանը գտնելու համար հարկավոր է հասկանալ՝ ի՞նչ կամ ո՞ւմ պրոյեկտն է «պարեկային ծառայություն» կոչվածը. Արևմտյան պրոյեկտ-պարտադրանք է, և քանի որ Արևուտքի համար գենդերային խնդիրն առաջնային է դիտարկվում, Նիկոլի վզին դրել են 30%-ի պլանը: Թարսի պես էլ հայ հանրությունը, լինելով մեծամասամբ ավանդական, խոչընդոտներ է ստեղծել Նիկոլի համար՝ չնպաստելով արևմտյան կառույցների աչքում նրա վարկի բարձրացմանը. շատ ընտանիքների համար անընդունելի է սեփական աղջիկներին, մայրերին ու քույրերին կամ կանանց պարեկի կարգավիճակում տեսնելու նիկոլական առաջարկը:
30% չէ, 90% էլ կազմի կին պարեկների տոկոսային հարաբերակցությունը ծառայությունում, դրա որակը չի բարելավվելու, ոչ մի լուրջ խնդիր հանրության համար չի լուծվելու, դրանից Նիկոլի հանրային վարկանիշը չի բարձրանալու, քանի որ արմատական ու խորքային խնդիրները չունեն սեռային ծագում կամ տարբերակում:
Հիմա որ Նիկոլի փոխարեն Հակոբյան Աննան լիներ վարչապետ, բա՞ն էր փոխվելու էս երկրում…