Հայաստանում հյուրանոցային նախագծման, ճարտարապետության և ինտերիեր դիզայնի մասին պատմում է մասնագետ Միքայել Կարսյանը


14:46 , 3 ապրիլ, 2023

Հայաստանում հյուրանոցային նախագծումը` ճարտարապետությունն ու ինտերիեր դիզայնը, արագ զարգացող են և պահանջված: Գրագետ և մտածված նախագծի ստեղծումն ապահովում է հյուրընկալության բարձր մակարդակ, որն էլ ապագա հաջողության գրավականն է:

Հյուրընկալության ոլորտի նախագծման առանձնահատկությունը կայանում է դիզայնի և ֆունկցիայի գրագետ համադրման մեջ, որոնք պետք է միավորել մեկ կոնցեպտի շուրջ:

IMAGEMAN նախագծային արվեստանոցի հիմնադիր և ղեկավար, ինտերիեր դիզայներ-ճարտարապետ Միքայել Կարսյանը, ով իր գործընկերոջ` հյուրանոցային ոլորտի մասնագետ Միքայել Ղալումյանի հետ համատեղ ստեղծեցին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն»-ը, գտնում է, որ հյուրանոցի նախագծումը շատ լուրջ ֆորմուլա է՝ բաղկացած տարբեր հաշվարկներից։

«Հյուրանոցում ոչինչ հենց այնպես, ուղղակի գեղեցկության համար չի արվում: Հյուրանոցը միջավայր է, որտեղ ամեն ինչ պետք է մտածված լինի թե՛ էսթետիկ և թե՛ ֆինանսական տեսանկյունից: Ամեն ինչ կախված է հյուրանոցի որակավորումից։ Օրինակ՝ էժան հյուրանոցը չի կարող ունենալ թանկ կահավորում, թանկ սանտեխնիկա, մեծ սենյակներ: Այդ ամեն ինչը փաթեթային է պետք մտածել ու գրագետ նախագծել»:

Ցանկացած հյուրանոցի հաջողությունը մեծապես կախված է նրա թեմայից, ոճից ու դիզայնից: Նախագծման ընթացքում պետք է հաշվի առնել մի շարք գործոններ ու պահանջներ, քանի որ յուրաքանչյուր կատեգորիայի հյուրանոց ունի իր առանձնահատկությունները:

«Հյուրանոցային բիզնեսի մեջ կա հստակ որակավորում և պետք է հետևել դրան: Ես ավելի շատ սիրում եմ բուտիկ-հյուրանոցներ, որոնք դիզայնի համար ավելի ազատ թեմա են և չեն սահմանափակում ստեղծագործ միտքը, շրջանակների մեջ չեն դնում: Բայց կան շատ լուրջ ցանցային հյուրանոցներ, որոնք ունեն հստակ պայմաններ, պահանջներ, փիլիսոփայություն, և դիզայները պետք է այդ փիլիսոփայության շրջանակներում ստեղծագործի»,- նշում է Միքայել Կարսյանը:

Գեղեցիկ ու ճաշակով ձևավորված ինտերիերը, որն ունի թեմա և կոնցպետ, այցելուների համար ստեղծում է ջերմ մթնոլորտ ու հարմարավետություն, ինչպես նաև կրկին վերադառնալու ցանկություն: Կան մի շարք հաստատություններ, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են հաճախորդների հետաքրքրությունը, և որպես խնդրի լուծում, սեփականատերերը որոշում են փոխել ինտերիերը: Որքանով է դա արդյունավետ և երբ պետք է դիմել այդ քայլին՝ փորձեցինք ճշտել մասնագետից:

«Որակյալ երաժշտությունը երբեք չի հնանում։ Մենք մինչև հիմա լսում ենք ABBA-ի, Beatles-ի, Rolling Stones-ի ստեղծագործությունները և չենք հոգնում: Գրագետ երաժշտությունը, ճարտարապետությունը և ինտերիերը երբեք չեն հնանում, ուղղակի կարիք է լինում թարմացնելու: Սակայն փոփոխության են ենթարկվում այն ինտերիերները, որոնք ժամանակին թրենդային են համարվել և այդ ժամանակ հետաքրքիր նայվել, բայց մոդան անցնում է, և հասկանում ես, որ դու ունեցել ես արտառոց, անհասկանալի մի զգեստ, որն այլևս չես ուզում հագնել:

Ես դրա մասին հաճախ եմ խոսել․ դա լինում է սյուժեի` կոնցեպտի բացակայության դեպքում, երբ ինտերիերը ոչ մի բանի մասին է։ Բայց երբ կա պատմություն, կա թեմա, միտք՝ ներդրված դրա մեջ, այն երբեք չի հնանում և միշտ ակտուալ է»:

Հյուրանոցային ճարտարապետությունն ու ինտերիեր դիզայնը Հայաստանում դարձել են շատ պահանջված ուղղություններ, քանի որ ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռնվել ինքնաարտահայտվելու և նպաստելու մշակութային զարգացմանը: Այս ոլորտում դեռ զգացվում է լավ մասնագետների պակաս, և դիզայներ-ճարտարապետ Միքայել Կարսյանը, ունենալով այս ոլորտում երկար տարիների փորձ, խորհուրդ է տալիս երիտասարդներին չսահմանափակվել եղածով և խորացնել գիտելիքները հյուրընկալության նախագծման ոլորտում.

«Ես խորհուրդ կտայի զարգացնել սեփական ինտելեկտը, նախևառաջ՝ ուսումնասիրել աշխարհագրությունն ու համաշխարհային պատմությունը, քանի որ այդտեղից ենք նոր մտքեր, գաղափարներ ու ֆանտաստիկ սյուժեներ գտնում: Ուսումնասիրեք տարբեր ազգերի խոհանոցները, սննդի մատուցման ձևերն ու հյուրընկալման ավանդույթները:

Լսեք դասական երաժշտություն․ օպերան հրաշալի օրինակ է, թե ինչպես դիզայները պետք է ստեղծի միջավայր: Եվ իհարկե, շատ կարևոր է սովորել լավ նկարել ու գծել: Շատ կարևոր է կարդալ, ուսումնասիրել անվանի  նկարիչների, դիզայներների ու ճարտարապետների կյանքը, ինչպես են նրանք ստեղծել համաշխարհային նշանակության գլուխգործոցներ ու անգամ կատարել սխալներ։
Բոլորն էլ սխալվում են, անգամ ամենատաղանդավոր մարդիկ, իսկ սխալվելով մենք աճում ենք։ Երիտասարդները երբեք դրանից չպետք է վախենան, պետք է կարողանան ընդունել սեփական սխալները»,- ասում է դիզայներ-ճարտարապետ Միքայել Կարսյանը։

Հեղինակ՝ Նունի Էլոյան