Գեղարքունիքի մարզում 2023 թվականին նախատեսվում է կատարել 21 հազար հեկտար գարնանացան


13:13 , 1 ապրիլ, 2023

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2022 թվականին կատարվել է 11 հազար 835 հեկտար աշնանացան, որը 2021 թվականի համեմատությամբ ավել է 2228 հեկտարով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, 2023 թվականին նախատեսվում է Գեղարքունիքի մարզում այդ ցանքերի ծավալն ավելացնել եւս 21 հազար հեկտար գարնանացանով։

«2023 թվականի մարտի 31-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի կողմից մարզի համայնքներում 324.1 հեկտարի վրա ընտրանքային սկզբունքով աշնանացան ցանքերում կատարվել է մոնիթորինգ, աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս տարվա առաջին կիսամյակում մոնիթորինգի արդյունքների հիման վրա հողօգտագործողներին, որպես սուբսիդիա, նախատեսվում է տրամադրել շուրջ 909 միլիոն 857 հազար դրամ։

Գասրնանացանը, որի մեկնարկը շուտով կտրվի, նախատեսվում է իրականացնել շուրջ 21 հազար հեկտարի վրա։ Մարզի համայնքներում առկա 1362 տրակտորները եւ 1144 գյուղգործիքները լիովին բավարար են՝ 2023 թվականին գարնանացանի աշխատանքները ժամանակին եւ որակով կատարելու համար: Մեր կանխատեսումներով՝ կապված շուկայում նոր ձեւավորվող որոշ կուլտուրաների բարձր գների հետ, այս տարի կավելանան հաճարի, ոսպի, ոլոռի, ինչպես նաեւ կարտոֆիլի, կաղամբի, բրոկոլիի, ծաղկակաղամբի, սխտորի, ծնեբեկի, պեկինյան եւ բրուսելյան կաղամբի ցանքատարածությունները»,-տեղեկացրեց վարչության պետը: 

Խոսրով Խլղաթյան