«Հրապարակ». Մի մուշտիի պատմություն կամ՝ ակն ընդ ական


11:56 , 1 ապրիլ, 2023
Երեկ կեսօրին  հայտնի դարձավ, որ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած փակ քննարկման ավարտին միջադեպ է գրանցվել հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի միջեւ։ Քննարկմանը ներկա են եղել ՔՊ-ից Վիգեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, Արփի Դավոյանը, ընդդիմությունից՝ Արծվիկ Մինասյանը, Գեղամ Նազարյանը, ինչպես նաեւ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ում իրավասությունների հետ կապված հարց է նաեւ քննարկվել։ Մասնավորապես, քննարկվել է միջազգային դատական ատյաններում Հայաստանի ներկայացուցչի լիազորությունների մեծացման մասին օրենքը։

Նիստում քննարկվել են նաեւ Հայաստանի կողմից եւ Հայաստանի դեմ ներկայացվող միջազգային հայցերի մանրամասները։ Նիստի ավարտին, երբ անդրադարձ է եղել Հռոմի ստատուտին եւ մասնավորապես ՀՀ ՍԴ-ի կողմից այն՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու որոշմանը, Մհեր Սահակյանը որոշման վերաբերյալ Վլադիմիր Վարդանյանի կարծիքն է հարցրել։ Վարդանյանը, ըստ Արծվիկ Մինասյանի, խուսափել է բուն պատասխանից եւ խոսքը շուռ է տվել դաշնակցականների վրա։ Ընդդիմադիր պատգամավորը պնդել է իր հարցը, ինչից վրդովված՝ Վարդանյանը սկսել է գոռգոռալ, ընդդիմադիրը հորդորել է չգոռալ, ցածր տոնով խոսել, սակայն Վարդանյանը ՔՊ-ականին բնորոշ սանձարձակությամբ էլ ավելի բարձր տոնով հակադարձել է, թե ում վրա ուզի, կգոռա, ինչ ուզի, կանի, ապա տեղից վեր է թռել ու շարժվել Մհեր Սահակյանի կողմը։ Սահակյանն էլ, մտածելով, որ գալիս է իրեն հարվածելու, առաջինն է հարվածել՝ վնասելով Վարդանյանի հոնքի վերեւի մասը։

Միջադեպից հետո «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը մեզ պատմեց, որ Վարդանյանը վնասվածք ստանալուց հետո դուրս է եկել, ասել է՝ այնպես արեք, լրագրողները չիմանան, բայց այդ պահին հայտնվել է Քոչարյան Անդրանիկը եւ գոռգոռացել է, որ դրանք անպատիժ չեն մնալու, անմիջապես զանգել է իրավապահներին, ահազանգել այլ գործընկերների՝ ուղղորդելով, որ ընդդիմության դեմ արշավեն եւ հաշվեհարդար տեսնեն։
Հետո մենք տեղեկացանք, որ այս միջադեպն իշխանությունը մտադիր է որպես զենք օգտագործել ընդդիմության դեմ։ Հրահանգ է իջեցվել իրավապահներին՝ առավելագույնս խիստ լինել ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ։ ՔՊ-ում երեկվա դրությամբ կասկած չունեին, որ իրենց ենթակա գլխավոր դատախազը խորհրդարանին միջնորդելու է պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, եւ Սահակյանը հայտնվելու է ճաղերի ետեւում։ Եվ իշխանականները փորձելու են իրենց ընտրող պողոսներին համոզել, թե ընդդիմությունը չար է, ծեծող-ջարդող, իսկ իրենք՝ անմեղ հրեշտակներ՝ մոռանալով, որ ԱԺ լիագումար նիստի ժամանակ քացիներով հարձակվեցին ընդդիմության վրա, ծեծուջարդ սարքեցին խորհրդարանի դահլիճում, իսկ դատախազությունը նրանց արարքներում հանցակազմ չտեսավ։ 

Ուշագրավ է, որ երեկվա միջադեպից հետո ՔՊ-ականներից ով չալարեց, ստատուս գրեց, թե ընդդիմադիր պատգամավորը խուլիգանություն է արել, հարվածել է իր համար խելոք նստած ՔՊ-ականին ու փախել դահլիճից, ոմանք էլ զոռ տվեցին երեւակայությանը՝ հայտարարելով, թե Մհերը թաքնվել է կանանց զուգարանում։ Մինչդեռ Արծվիկ Մինասյանը պատմեց, որ միջադեպից հետո իրենց գործընկերն ուղղակի դուրս է եկել եւ գնացել խմբակցության ընդհանուր սենյակ, որտեղ էլ ժամանել են քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները։ Մինչ այդ արդեն ԱԺ նախագահն է իջել Սեյրան Օհանյանի մոտ եւ երկրորդ ճակատ բացել՝ գոռգոռալով, թե սա է նախկինների դեմքը, սպառնացել է, որ կուլ չեն տալու, պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։ Ոստիկանության աշխատակիցներն էլ իրենց հերթին փորձել են հաճոյանալ ԱԺ նախագահին եւ անհարգալից պահվածք են դրսեւորել Մհեր Սահակյանի նկատմամբ՝ վերջինիս նվաստացրած տանելով ոստիկանության բաժին։ Ենթադրվում է, որ ընդդիմադիր պատգամավորն օրենքով սահմանված 48 ժամով ձերբակալված կմնա, ապա դատախազը կմտնի խորհրդարան՝ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որ հնարավոր լինի մեղադրանք առաջադրել։  

Նկատենք, որ իրավապահների նույն վերաբերմունքը չտեսանք, երբ ամիսներ առաջ իշխանական պատգամավորները բռնություն էին կիրառում ընդդիմադիրների նկատմամբ։ Դիցուք, ուղիղ եթերով հեռարձակվող նիստի ընթացքում Վահագն Ալեքսանյանը, տեղից սլանալով, ոտքով հարվածեց ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավոր Վահե Հակոբյանին, սակայն ոստիկանները չշտապեցին նիստերի դահլիճ՝ նրան եւ ձեռնամարտի եկած մյուս ՔՊ-ականներին ձերբակալելու։ Մի միջադեպ էլ եղավ, երբ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն ու մի խումբ ՔՊ-ականներ բռնություն կիրառեցին ՀՅԴ-ական երիտասարդների նկատմամբ (Գերասիմ Վարդանյան, Տարոն Ղազարյան), կար մարմնական վնասվածքների փաստը, քրեական գործ հարուցվեց, բայց ոչ մի ՔՊ-ական պատգամավոր մեղադրյալ չդարձավ։

«Հաշվի առնելով ԱԺ ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձեւով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձեւով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակն այնպես, որ առկա է Վլադիմիր Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, եւ ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված»,- երեկ հայտարարեց Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ զրույցում հորդորել է Մհեր Սահակյանին՝ վայր դնել մանդատը՝ կատարած խուլիգանության համար։ Երբ հիշեցրել են, որ ավելի վաղ ՔՊ-ականներն են բռնություն կիրառել, ՔՊ-ականն ասել է․ «Լավ են արել»։

Նկատենք, որ երեկ ակտիվ հանրության մի մասը գովաբանում էր իշխանական պատգամավորին հարված ընդդիմադիրին, մյուսները մեղադրանքի սլաքներն ուղղել էին իշխանականների կողմը՝ ընդգծելով, որ դա իրավիճակին ադեկվատ արձագանք է եղել։ Օրինակ, «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրել էր․ «Մհեր Սահակյանն արել է այն, ինչը յուրաքանչյուր ադեկվատ հայ տղամարդ եւ հայ կին ամեն օր ցանկանում է անել եւ եկած տեղն էլ կրել դրա համար պատասխանատվություն՝ առանց զղջալու, երբ տեսնում կամ լսում է մեկին, ով երբեւէ չէր տեսել պատից կախ, իսկ հիմա ճակատից կախ է ման գալիս ու էդ կախ ընկածով աջ ու ձախ հոխորտալով, հպարտ-հպարտ ու պոռոտախոս տանուլ է տալիս էս երկրում տարիներով ստեղծվածը: Ուժի կիրառումը որքան էլ ոչ լեգալ, նույնքան էլ լեգիտիմ երեւույթ է եղել միշտ եւ լինելու է միշտ»։

ՀԳ․ Մհեր Սահակյանն ամիսներ առաջ է պատգամավորական մանդատ ստացել, երբ Վահե Հակոբյանն ու նրա կուսակիցները մանդատից հրաժարվեցին։ Մինչ այդ նա «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն էր՝ հասարակական հիմունքներով, ինչպես նաեւ «Գրանդ հոլդինգի» Վարդանյանների փեսայի՝ 2003-2008 թթ․ ՀՅԴ քվոտայով ԱԺ պատգամավոր Սամվել Սահակյանի որդին։