Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին Նոր տարվա առթիվ


11:12 , 1 ապրիլ, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա առթիվ: Ուղերձում  մասնավորապես ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն հաղորդում մեր երկրին: Մաղթում եմ, որ ասորական հին ու հզոր մշակույթի ժառանգորդները Հայաստանում պահպանեն, զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը:

Թո՛ղ սիրո և պտղաբերության այս պայծառ գարնանային տոնը խինդով և ջերմությամբ լցնի ձեր տները, հեռու պահի բոլոր փորձություններից և սկիզբ դառնա նոր ձեռքբերումների:

Հայաստանի ասորական համայնքին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ երջանկություն, բարօրություն և խաղաղություն»: