ՀԱՊԿ-ում հայտնել են աշխարհում լարվածության աճի մասին՝ կազմակերպության անդամների համար իրական սպառնալիքներով


16:56 , 31 մարտ, 2023

Armenpress.am-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հայտնել է աշխարհում լարվածության կտրուկ աճի մասին, որը անդամ պետությունների համար իրական սպառնալիքներ կարող է առաջացնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովը՝ կազմակերպության Քարտուղարության և Միացյալ շտաբի ղեկավար կազմի ընդլայնված նիստում։

«Հաստատվում է իրավական նիհիլիզմը, սեփական շահերն ապահովելու ձգտումն՝ ի վնաս ընդհանուր և տարածաշրջանային անվտանգության հրամայականների։ Հեռացումը փոխադարձ զսպման այնպիսի տարրերից, ինչպիսիք են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, Բաց երկնքի մասին պայմանագիրը և այլ պայմանագրերը, նպաստում է միջազգային հարաբերությունների վերադարձին առճակատման ժամանակների՝ հակամարտության ներուժի հետագա սաստկացման հեռանկարով:

Ընդհանուր կարգի բացասական միտումներն անմիջական ազդեցություն են գործում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու ամբողջ պարագծով: Հակամարտությունների բորբոքումը կարող է անուղղելի վնաս հասցնել եվրոպական և համաշխարհային անվտանգության ամբողջ համակարգին», - մեջբերում է ТАСС-ը նրա խոսքը։ Թասմագամբեթովն ընդգծել է, որ իրադրությունն աշխարհում խորը փոխակերպում է ապրում, երբ փոխվում են «աշխարհակարգի՝ տասնամյակներով հաստատված հիմքերը»։

«Անցյալում են մնացել Լիսաբոնից մինչև Վանկուվեր խաղաղության, կայունության և բարգավաճման ընդհանուր տարածություն ստեղծելու ծրագրերը», - եզրափակել Է նա։