Պուտինը հաստատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը


15:46 , 31 մարտ, 2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին հաստատել է արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր տարբերակը։ Պետության ղեկավարը հրամանագրի ստորագրման մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Համապատասխան փաստաթուղթը սահմանում է Ռուսաստանի Դաշնության միջազգային գործունեության առաջնահերթ ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, այն ճանապարհային քարտեզ կլինի ՌԴ ԱԳՆ-ի եւայլ նախարարությունների ու գերատեսչությունների համար։

Փետրվարին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում կառավարության ժամին ասել էր, որ ռուսական արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը Արեւմուտքին կզրկի միջազգային կյանքի շրջանակի մենաշնորհից։

Ավելի վաղ նախագահ Պուտինը ուժը կորցրած  էր ճանաչել երկրի արտաքին քաղաքականության մասին 2012 թվականի հրամանագիրը՝ «միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խորը փոփոխությունների պատճառով»։

Խոսքը պետության ղեկավարի 2012 թվականի մայիսի 7-ի №605   «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության ուղղության իրականացման միջոցառումների մասին» հրամանագրի մասին է։ Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում, այս հրամանագիրը ուժը կորցրած է ճանաչվել «Ռուսաստանի ազգային շահերն ապահովելու համար»՝ կապված «միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խորը փոփոխությունների հետ»։