Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել վարչապետի պաշոնը զբաղեցնող արարածի և ԱԱԾ-ի հայտնած տեղեկությունների միջև առկա ճչացող տարբերությունը


13:18 , 31 մարտ, 2023
Մինչ Կառավարության նիստում երեկ Նիկոլը փորձել է հանրությանը վստահեցնել, իսկ իրականում մոլորեցնել, թե Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանը դիրքային կորուստներ չի ունեցել, տարածքներ չենք կորցրել, նույն օրը՝ ուշ երեկոյան, ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Կոռնիձորի կամրջի հատվածում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել 5 կետում. քարտեզների տարընթերցում է եղել, և Ադրբեջանը, խախտելով նախնական պայմանավորվածությունները, իր դիրքերն առաջ է բերել:

Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել վարչապետի պաշոնը զբաղեցնող արարածի և ԱԱԾ-ի հայտնած տեղեկությունների միջև առկա ճչացող տարբերությունը: Նիկոլը չի՞ իմացել եղելությունը, թե՞ իրականում շատ լավ իմացել է, բայց որպեսզի «բլոգբաստեր» չստացվի, ինքն էլ դրա հերոսը չդառնա, ուղղակի սովորության համաձայն գեղացիավարի ստել է՝մարդկանց էշի տեղ դնելով:

Կասկած լինել չի կարող, որ գործ ունենք երկրորդ տարբեակի հետ. շատ լավ էլ իմացել է՝ ինչն ինչոց է, բայց որպեսզի աղմուկ-աղաղակ չբարձրանա, փորձել է կոծկել եղելությունը՝ այն սվաղելով: Հետո տեսնելով, որ չի ստացվում, ըստ երևույթին, ԱԱԾ-ին հրահանգել է գոնե ինչ-որ չափով բացահայտել իրականությունը՝ բամբասանքների տեղիք չտալու: Ի դեպ՝ ասում են՝ թուրքերի առաջխաղացումը շատ ավելի զգալի է, քան ներկայացնում է ԱԱԾ-ն:

Միայն այս ամենը հերիք է, որպեսզի հետայսու Կառավարութան նիստերում Նիկոլի ասած որևիցէ խոսքին մարդ է՛լ չհավատա: Այս մարդը զբաղված է միայն մեկ բանով՝ Ադրբեջանի հանցանքները կոծկելով, դրանց համար հիմնավորումներ որոնելով ու Իլհամին փաստաբանություն անելով: Հարցը հետևյալն է՝ այդպես է վարվում ստիպվա՞ծ, որ սեփական իշխանությունն ու վարկանիշը չսասանվե՞ն, թե՞ դա անում է՝ ելնելով Ադրբեջանի հանդեպ անկեղծ սիրուց՝ թքած ունենալով ամեն ինչի վրա:

Համաձայնեք, որ երկու տարբերակներն էլ կյանքի իրավունք ուեն: