Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ


19:59 , 30 մարտ, 2023

Մարտի 30-ին Մալթայում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։
Նախարարներն արձանագրել են, որ Հայաստանի ու Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարին նշանավորվում է հայկական կողմից Մալթա կատարված առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցով:
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի տեսլականը և Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կառուցելու հայկական կողմի ջանքերը:
ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլերի իրականացման կարևորությունը: Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչումը, ինչպես նաև Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հրամայականը: