Փաստն այն է, որ ՔՊ-ականները՝ մեծից՝ փոքր, սկսել են բոլորին «կթել»՝ վերածվելով կոռուպցիայի ու անարդարության աղբյուրի


14:43 , 30 մարտ, 2023
Նոր հանգամանքներ են ի հայտ գալիս ՔՊ-ական իշխանության կարկառուն ներկայացուցիչների ու ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի միջև գոյություն ունեցող հատուկ հարաբերությունների վերաբերյալ. ՔՊ-ականները դարձել են Աշոտ Արսենյանի էքսկլյուզիվ կլիենտները՝ փոխադարձության սկզբունքով օգտվելով նրա մատուցած հատուկ ծառայություններից:

Ըստ հավաստի տեղեկությունների՝ 2021-ի ձմռանը Արսենյանից բացառիկ արտոնյալ պայմաններով «Բյուրեղ» բնակելի թաղամասում բնակարան է ձեռք բերել նաև հանրահայտ Խաչատրյան Սասունը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, իր հարևանների համեմատությամբ էականորեն ավելի էժան գին վճարելով: Ընդ որում՝ պարզվում է, որ դրան զուգահեռ տարօրինակ ճակատագրի է արժանացել ՀՔԾ-ում քննվող 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ընտրակաշառք բաժանելու դեպքին առնչվող քրեական գործը՝ վերաբերող կառուցապատող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի անդամին։

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ միայն Պապիկյան Սուրիկն ու ասենք Մակունց Լիլիթը չէ, որ գնահատում են կենտրոնում էլիտար բնակարանի սեփականատեր լինելու առավելությունները. ավելի քան 71 միլիոնանոց տան տեր դարձած ու դրա համար 1քմ-ի համար մյուսներից մոտ 500 դոլար պակաս վճարած Սասունը ևս պակաս «նյուխ» չունի ու քանի դեռ ի վիճակի է, քանի դեռ պաշտոնի է, շտապում է բնավորվել էլիտար «կվարտալներում»՝ փողը կապիտալի վերածելով:

Այլևս ոչնչից զարմանալ պետք չէ. փաստն այն է, որ ՔՊ-ականները՝ մեծից՝ փոքր, սկսել են բոլորին «կթել»՝ վերածվելով կոռուպցիայի ու անարդարության աղբյուրի: Այս ամենը գուցե այսքան հրեշավոր չդիտվեր, եթե այս ամենի հետ մեկտեղ իշխանական քարոզչամեքենան չշեփորահարեր ասենք Հայաստանում համակարգային կոռուպցիայի բացակայության մասին նիկոլաբարո թեզը: Բա հա՛մ ուտեն, հա՛մ էլ իրենցից սուրբ սարքեն…

Ոչինչ, ինչն ունի սկիզբ, ունի և վերջ: