Սամվել Կարապետյանի ոչ երկիմաստ նախազգուշացումը՝ Նիկոլին


15:56 , 28 մարտ, 2023
Պայմանավորված Հռոմի ստատուտի՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ ՍԴ որոշման հետ՝ իշխանություններին ուղղված հստակ նախազգուշական ուղերձով է հանդես եկել ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ կոչ անելով չփչացնել Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա երկկողմ բազմաշերտ հարաբերությունները: «Վերջին օրերին Հայաստանի կառավարության կողմից հաճախակի են հնչում Ռուսաստանի, մասնավորապես երկրի առաջին դեմքերի նկատմամբ պատժամիջոցային որոշումների կիրառման հարցում միջազգային կազմակերպություններին աջակցելու ոչ միանշանակ կոչերը։ Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ-ռուսական հարաբերությունները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ռազմական և մշակութային փոխգործակցության հարցում»,-մասնավորապես նշված է Կարապետյանի հայտարարության մեջ, ուր նաև կա արձանագրում այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական և առևտրային առաջատար գործընկերն է, երկրի սահմանների անվտանգության երաշխիքը:

Կարապետյանի ուղերձը խիստ էական է, եթե հաշվի ենք առնում այն փաստը, որ նույն ռուսական «ՏԱՍՍ»-ը, որը, ի դեպ, ադրբեջանամետ ԶԼՄ է, քանի որ ֆինանսավորվում է նաև ադրբեջանական փողերով, հրապարակել էր ՌԴ ԱԳՆ աղբյուրի՝ ՀՀ իշխանությունների ուղղված հորդոր-սպառնալիքը՝ չթելելու Արևմուտքի թելն ու զգույշ վերաբերվելու Հռոմի ստատուտին՝ նախազգուշացնելով սխալ քայլերի հետևանքների մասին:

Թե՛ «ՏԱՍՍ»-ի հրապարակումը, թե՛ Կարապետյանի հայտարարությունը վկայում են այն մասին, որ Մոսկվայում Հռոմի ստատուտի հարցը դիտարկում են ոչ թե Հայաստանի իրավունքների ընդլայնման, այլ հակառուսական պրիզմայով: Միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞ւ, մի՞թե Մոսկվայում իսկապես կարծում են, որ Հայաստանը կարող է ձերբակալել Պուտինին, եթե նա ժամանի Հայաստան:

Իհարկե, պետք է բացարձակ ֆանտաստ կլինել՝ կարծելու, որ նման բան ընդհանրապես հնարավոր է, բայց ակնհայտ է, որ Մոսկվայի անհանգստությունը ոչ այնքան կոնկրետ մասնավոր փաստի կամ դեպքի առթիվ է, որան՝ Հայաստանի ու ՌԴ-ի հարաբերությւոններում նկատվող տենդենցների. հակառուսական միտումների հետևանք է նաև Հռոմի ստատուտի վավերացման պրոցեսը, որն իր վերջնակետին հասնելու է ԱԺ-ում՝ ներկայացվելով հայրենի խորհրդարանականների դատին: Մոսկվայում, ըստ երևույթին, ունեն տեղեկություն, որ ՔՊ-ականները պատրաստվում են վավերացնել այն՝ ևս մեկ ուժգին հարված հասցնելով հայ-ռուսական հարաբերություններին:

Ինչ վերաբերում է այն վերսիային, որ Հռոմի սատուտի վավերացման միջոցով Նիկոլը իբր փորձում է Մոսկվային «խելքի բերել» կամ բարձրացնել Հայաստանի արժեքը ռուսների աչքում, ապա այդ տարբերակը մերկապարանոց է, քանի որ նախ՝ առհասարակ Նիկոլի բուն նպատակը ոչ թե Հայաստանի դերը մեծացնելն է, այլ՝ դրա չեզոքացումը, ապա՝ ակնհայտ է, որ Մոսկվան ոչ թե սկսելու է կատարել Հայաստանի ցանկությունները, այլ բանեցնելու է իր ձեռքի տակ եղած ճնշման լծակները. Հայաստանն Արդբեջան չէ, Հայաստանը մի երկիր է, որի թիկունքում չկա ո՛չ այլընտրանքային հզոր դաշնակից, ո՛չ էլ նավթասեր Ուրսուլա, որ պատրաստ է հանուն նավթի աչք փակել շատ բաների վրա:

Եթե ՔՊ-ն Աժ-ում վավերացրեց ստատուտը, հայ-ռուսական՝ առանց այն էլ սասանված հարաբերությունները կարելի կլինի ավարտված համարել՝ ի շահ, բնականաբար, Ադրբեջանի: