«Հողը թշնամուց հեռու է, չի կարողանում կրակել, տեսանելի վայրում լիներ՝ հիմա կրակել էր». Կիչանի գյուղապետ


16:56 , 24 մարտ, 2023

168.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղը թշնամու կրակոցների տակ է մշտապես, բայց հիմա շրջափակման պայմաններում գյուղացիները որոշել են մշակել բոլոր հողերը։ Ճիշտ է, Արցախի 44-օրյա պատերազմից առաջ էլ հողն անմշակ չէին թողնում, բայց այն ժամանակ բնակիչները կարողանում էին մթերքը խանութից գնել, ինչի հնարավորությունն այսօր՝ շրջափակման հետևանքով, չկա։

168.am հետ զրույցում Կիչանի գյուղապետ Արտո Հակոբյանն ասաց, որ այժմ եթե ցանկություն էլ ունենան, հայկական վերահսկողության տակ գտնվող հողերը չեն կարող անմշակ թողնել, բայց պատերազմի ժամանակ հողերի մի մասը հայտնվել է  հայկական ու ադրբեջանական դիրքերի չեզոք գոտում, եթե փորձեն մշակել՝ կկրակեն:

«Որ ասեմ՝ այս շրջափակումից մեծ դասեր ենք քաղել, չէ, ուղղակի մեր ժողովուրդը ուժեղ է, ստեղծող ու պայքարող է, աշխատում է։ Հիմա մարդիկ ուզում են իրենց օրվա ապրուստն իրենք վաստակեն։

Ներկա պահին գարնանացան ենք անում, հողը թշնամուց հեռու է, չի կարողանում կրակել։ 34-35 հեկտար հող ունենք, որ չեզոք գոտում է։ Հիմա այն հողը, որ մշակում ենք, մեզ այդքան էլ բավարար չէ, կարելի է ասել՝ գյուղի 10 տոկոսին բավարար չէ»,- նշեց Կիչանի գյուղապետը։

Արտո Հակոբյանը պատմեց, թե ինչպես էին Կիչանում ապրում մարդիկ 44-օրյա պատերազմից առաջ: Կյանքը Կիչանում իդեալական էր, մարդիկ իրենց աշխատանքով երջանիկ ապրում էին։

«Մինչև պատերազմը մեր գյուղում 120 խոշոր եղջերավոր կար, պատերազմից, հետո Խաչեն գետը մեր գյուղի տակն է, կովերը գնացել են ջրի համար ու անցել թշնամու հսկողության տակ, դե, թշնամին չի էլ վերադարձրել։ Ահագին կորուստ ենք ունեցել, ով էլ չի կարողացել անասուն պահի՝ վաճառել է, հիմա 120 խոշորից մնացել է 15 խոշոր։ Եղած-չեղածը 100 հեկտար հող ունեինք, 35-ը դարձավ չեզոք գոտի։

Հենց այս պահին ինքս գարնանացան եմ անում, այսպես ասեմ՝ գյուղում թաքնված տեղում հողամաս ունենք, տեսանելի վայրում լիներ, հիմա թշնամին կրակել ու խանգարել էր։ Ունենք այնպիսի հող, որ մոտ 100 տարի չէր մշակվել, քար ու թուփ էր մեջը լցրած, ստիպված ամեն ինչից մաքրել ենք ու աշնանացան ենք արել, այլ հնարավորություն չկա»,- հավելեց Արտո Հակոբյանը։

Ըստ նրա, շրջափակման այս 100 և ավելի օրերի ընթացքում հույսները չեն կորցրել, որ  գալու է այն օրը, երբ Արցախում էլի առաջվա նման հանգիստ, իրենց աշխատանքով երջանիկ ապրելու են։ Ասում է՝ արցախցին ուժեղ է, դիմադրում է։

«Ժողովուրդը հույս ունի, որ այստեղ ապրելու է, որովհետև այլ գնալու տեղ չունենք, այստեղ է մեր հողն ու ջուրը, այստեղ ծնվել ու այստեղ էլ պիտի ապրենք»,- եզրափակեց Արտո Հակոբյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են այս ընթացքում հիվանդների տեղափոխել Երևան՝ բուժման համար, ցավոք, եղել են նաև մահացության դեպքեր։