Իր ամբողջ իրավական և քաղաքական պատմությամբ Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան


14:52 , 24 մարտ, 2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին:

«ԼՂ հիմնախնդրի լուծում փնտրելիս Միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի ամբողջ պատմական իրավաքաղաքական ֆոնը, այլապես դրա հետ կապ չունեցող օրինակների վրա կառուցված ցանկացած լուծում կհանգեցնի խնդրի խորացմանն ու չլուծմանը», - գրել է Մարուքյանը:

Հաջորդ գրառմամբ նա հավելել է.«Իր ամբողջ իրավական և քաղաքական պատմությամբ Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ վերջին 30 տարում այն միշտ եղել է ինքնավարություն և ինքնահռչակ պետություն։ Ավելին, ԼՂ հակամարտությունը նախորդել է ԽՍՀՄ փլուզմանը, ի տարբերություն թվարկվածների»։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում անվտանգության հարցերը պետք է լուծվեն Ղարաբաղի ներկայացուցիչների ու Բաքվի միջև։ Նա ընդգծել էր, որ Մոսկվան աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Բաքվի և ԼՂ հայերի միջև անվտանգության երաշխիքների ու իրավունքների շուրջ երկխոսության վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարարը հավելել էր, որ կարևոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն կողմերի միջև պայմանավորվածությունները։

«Նույնը եղել է նաև Մինսկյան համաձայնագրերում՝ Ուկրաինայի արևելյան հատվածի բնակիչների իրավունքների մասով` մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզվով սովորեցնելու, այդ լեզուն օգտագործելով ապրելու, աշխատելու, սեփական մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորության և հայրենակիցների հետ որոշակի հատուկ կապեր ունենալու իրավունք։ Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր։ Մոտավորապես նույն իրավունքներն են նախատեսվել նաև 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնագրում ՝ «Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների» ստեղծման մասին համաձայնագրով։ Ես կարծում եմ, որ ղարաբաղցիների համար անհրաժեշտ է մոտավորապես այդպիսի իրավունքների փաթեթ», – նշել է Լավրովը՝ շեշտելով, որ ամեն բան կախված է միջնորդների պարկեշտությունից։