Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը


16:13 , 23 մարտ, 2023

Գործադիրն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա Առողջության առաջնային պահպանման օղակում ավելի պարզ և մատչելի  դարձնել պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Արդյունքում՝  բնակչության բոլոր խմբերի համար հասանելի կլինի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ևս մեկ ծառայություն, կընդլայնվի դրանցից օգտվող շահառուների քանակը: Աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունները ներկայումս իրականացվում է միայն սոցիալապես անապահով և առանձին, հատուկ խմբերում ընդգրկված շահառուներին: 2023 թ. նախատեսվում է պետպատվերի շրջանակում նշված ծառայությունները որպես «Կյանք փրկող» ծրագիր իրականացնել ՀՀ ամբողջ բնակչության համար:  Գործող կարգով զորակոչային տարիքի անձանց արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և ՀՀ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է հերթագրման սկզբունքով:  Որոշմամբ  առաջարկվում է վերը նշված շահառուների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնել արտահերթ կարգով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է սահմանել բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում լիցենզավորման ենթակա տեսակների համար անհրաժեշտ լիցենզավորման կարգերը, գործունեության իրականացման համար պարտադիր պայմանները և պահանջները, բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում գործունեության տեսակների իրականացման համար տրվող լիցենզիաների ձևերը: