ԱԺ-ն չի դիմի ՍԴ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով


16:13 , 22 մարտ, 2023

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովը չընդունեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ որոշման նախագծի քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել: 30 կողմ ձայնը բավարար չէ, որպեսզի որոշումն ընդունված համարվի։

Որոշման նախագծով «Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ Սեդա Սաֆարյանը, ԱԺ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր, դեկտեմբերի 16-ից պաշտոնը ստանձնելով, պահպանել է իր անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը մինչև 2023 թվականին հունվարի 27-ը: Մինչդեռ օրենքի պահանջի համաձայն՝ իր ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ իր այդ կարգավիճակը: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտնել էր, որ Սեդա Սաֆարյանը պետությանը՝ հանձին ՊԵԿ-ի, ծանուցել է որպես անհատ ձեռնարկատեր և հարկ վճարվող իր գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու մասին:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավոր գործուղման էին, մնացած ներկաները մասնակցել են քվեարկությանը: