22:39 , 5 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ԳՄ հերթական նիստը, որը սովորականից փոքր-ինչ երկար տևեց: Ինչպես նիստից հետո տեղեկացրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստի օրակարգում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում կատարած հայտարարությունը: էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀ-ն զարգացնում է հարաբերություններն իր ռազմավարական դաշնակցի հետ, որը բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից, և այդ քայլն արվել է ՀՀ ապագա շահերից ելնելով: Այս ամենում, ըստ նրա, սենսացիոն բան չպետք է փնտրել, քանի որ իշխող կուսակցությունը բազմիցս է ասել, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացները շատ կարևոր են Հայաստանի համար:
«ՀՀԿ-ն բազմիցս է քննարկել, որ ՀՀ-ն պետք է զարգացնի իր հարաբերությունները եվրասիական իր գործընկերների հետ և մեկ անգամ չէ, որ ՀՀԿ ներկայացուցիչները խոսել են Մաքսային միությանն անդամագրման հնարավորությունների շուրջ»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ ՄՄ-ին Հայաստանի անդամագրվելու որոշումը պետք է վավերացնի ԱԺ-ն: Նրա խոսքերով՝ որոշ քաղաքական գործիչներ շահարկում են, թե իշխող կուսակցությունը մինչ նման որոշում կայացնելը հարցը չի քննարկել հանրության հետ, սակայն նրանք պետք է քաջատեղյակ լինեն, որ ԱԺ-ն է հասարակության ներկայացուցչական մարմինը, և ԱԺ-ում պետք է վավերացվի ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, և այստեղ որևէ արտառոց բան չկա: «Հայաստանը խորացրել է իր հարաբերությունները իր ռազմավարական դաշնակցի հետ, և դա բխում է մեր տնտեսական ու քաղաքական շահերից»,- նկատեց նա:
Ի դեպ, ՀՀԿ մամլո խոսնակը նշեց, որ այս որոշումը չի նշանակում, թե Հայաստանը դադարեցնում է իր համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ: Նրա վստահեցմամբ՝ ՄՄ-ին ՀՀ անդամակցությունը չի նշանակում հրաժարում Ասոցացման պայմանագրի ստորագրումից: Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները չեն հայտարարել, որ դադարեցնում են Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացը, և Վիգեն Սարգսյանը հստակ գնահատական տվեց այդ հարցին, սա նշանակում է, որ ՀՀ-ն չի հրաժարվում երկխոսությունից եվրոպական կառույցների հետ, Վիլնյուսում նախաստորագրումը մնում է օրակարգում: «Նախագահն արդյունավետ և կարևոր որոշում է կայացրել, այս որոշումը բխում է մեր պետական շահերից»,- նկատեց նա: Իսկ բողոքի ակցիաներն ընդդեմ ՀՀ-ի այս որոշման ՀՀԿ խոսնակը բնական համարեց՝ ասելով, որ բողոքի ակցիաներ անցկացվում են զարգացած գրեթե բոլոր երկրներում:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների մասին իշխանության շրջանում անցկացվող քննարկումներին՝ բանախոսն ասաց, որ նախագահի հրամանագրով ստեղծվել է հանձնաժողով: «Հստակ ասեմ, որ քաղաքական իշխանության օրակարգում չկա ՀՀ կառավարման համակարգի փոփոխության հարց, անցում կառավարման խորհրդարանական համակարգին դրված չէ: Մեր օրակարագում նման հարց չկա: Այս կառավարման համակարգը բավարարում է»,- նշեց էդուարդ Շարմազանովը: