Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ


20:51 , 20 մարտ, 2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի առաջարկը և պատժամիջոցներ է հաստատել 141 իրավաբանական և 300 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի, Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի և երկրի արտգործնախարար Ֆայզալ Մեքդադի նկատմամբ:

Համապատասխան հրամանագիրը Զելենսկին ստորագրել է մարտի 18-ին:

Պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով և ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակումներ, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում:

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև ՌԴ քաղաքացիներ, ինչպես նաև իրանական «Շահիդ» անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ առնչություն ունեցող իրանցիներ: Կիևը Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր անցյալ տարվա հունիսին, երբ Սիրիան ճանաչեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը: