Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ սպան կալանավորվել է


12:56 , 18 մարտ, 2023

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Գիշերը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։

Հիշեցնեմ՝ ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։

Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։

Տեղեկացնեմ նաև, որ այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում»,- գրել է նա։