Հայաստանում տարածվել է հայրենասիրության նոր հայեցակարգ


15:45 , 5 սեպտեմբեր, 2013

Հայաստանում տարածվել է հայրենասիրության նոր հայեցակարգ, որը արդեն իսկ համախմբում է առավելագույն թվով Հայաստանի քաղաքացիների: Ինչո՞վ է այն տարբերվում և առանձնանում մյուսներից, հարց, որը պահանջում է պատասխան: Ավելի վաղ` մի քանի տարի առաջ, հայրենասիրությունն իրենից ներկայացնում էր այսպես կոչված մենաշնորհ, որը պատկանում էր ժողովրդի փոքր զանգվածի, այն է` զինվորական հայրենասերներին, ովքեր պայքար են մղել մեր երկրի անկախության համար մարտի դաշտերում: Նրանք հիմնականում մասնակցում էին ռազմական եւ հայրենասիրական շքերթների: Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ նմանատիպ ռազմական հայրենասիրության հեռանկարն ընդգրկում է միայն ստվար զանգված, և Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, պարզապես, դուրս է մնում այս գործընթացից: Այս ստեղծված իրավիճակում էլ ստեղծվեց հայրենասիրության նոր հայեցակարգը, այն է` քաղաքացիական հայրենասիրությունը:
Այժմ արդեն անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ` կապված քաղաքացիական հայրենասիրության հետ: Այդ ամենը մենք տեսնում ենք վերջին շրջանում չափից շատ անցկացվող հանրահավաքներում, որոնք ուղղված են քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Կարծես թե, ամեն ինչ իր տեղն է ընկնում` քաղաքացին հասկանում է և փորձում է օգտագործել իր միասնական ուժը հանուն հայրենիքի բարօրության: Այսպիսով, Հայրենասիրության նոր հայեցակարգը ներառում է բոլոր` հայ քաղաքացիների ոչ միայն ռազմական, այլ նաև մյուս բոլոր ակտիվ գործունեության ոլորտները:
Թվում է, թե հայրենասիրության նոր ըմբռնումը կարող է ոչ միայն համախմբել մարդկանց մի կարևոր նպատակի շուրջ, այն է` ապրելու և արարելու բարեկեցիկ բարգավաճ Հայաստանում, այլ նաև մաքրել տեղեկատվական և քաղաքական դաշտը կեղծ հայրենասիրական ուժերից: 
Եվ իհարկե ուրախալին այն է, որ այս թոհուբովի մեջ «ծնված» երիտասարդ հայրենասերները, ովքեր կառաջնորդվեն հայրենասիրության նոր հայեցակարգով, կստեղծեն պայքարի նոր հարթակ, կգտնեն երկիրը դեպի բարեկեցիկ ապագա տանելու ճանապարհը, չեն վարկաբեկի մյուս ազգերին և բողոքի հանրահավաքները կանցկացնեն ավելի քաղաքակիրթ ձևով: