Նիկոլի տերերի ուզածն էլ հենց դա է, որ Մոսկվան ամբողջութամբ անցնի Իլհամի կողմն ու Հայաստանը ճզմի


16:10 , 10 մարտ, 2023
ԱԳՆ մամուլի քարտուղար Հունանյան Վահանը հաստատել է ավելի վաղ մամուլում հայտնված այն տեղեկության իսկությունը, ըստ որի՝ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,-աչքալուսանք է տվել» Միրզոյան Արոյի ենթական:

Ակնհայտորեն կրկնվում է Յուրի Խաչատուրովի հետ կատարված հայտնի պատմությունը, երբ նոր-նոր իշխանության գլուխ անցած Նիկոլը շինծու գործ էր հարուցել այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա ու հասել նրա պաշտոնաթողությանը՝ անմիջապես սեպ խրելով ՀԱՊԿ-ի ու Հայաստանի միջև, հարվածելով նաև հայ-ռուսական հարաբերություններին:

Հարցը, թե ի՞նչ հեռահար նպատակով է Հայաստանը համապատասխան առաջարկություն ներկայացրել ՀԱՊԿ-ին, կարծում ենք, ավելորդ է. անզեն աչքով իսկ տեսանելի է, որ Նիկոլը որոշել է խռիկ տալ ՀԱՊԿ-ին ու հիմնովին քանդել երկրի անվտանգային համակարգը: Սա թերևս ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խզման հերթական էտապն է, որ հաջորդում է Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկմանը:

Տեղի ունեցածը, իհարկե, նիկոլական պրոպագանդան կմեկնաբանի շեֆին ձեռնտու կերպով՝ Նիկոլից սարքելով հերոս, որ իբր հանուն իր «սիրասուն» Հայաստանի չի վարանում անգամ ապտակել գերհզորներին: Կասեն, որ Հայաստանն ունի նման բարոյական իրավունք, քանզի, բա չեք ասի, ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանները չգիտի, իսկ ռուս խաղաղապահներն էլ Արցխում դաշնակիցն են ադրբեջանցիների: Կասեն, իսկ ժեխերն էլ կծափահարեն՝ չգիտակցելով, թե ինչպիսի արկածախնդրության է դիմում Նիկոլը՝ հետզհետե կտրելով Ռուսաստանից Հայաստանի պորտալարը:

Հիմա որ վաղն Արդբեջանը նույն ռուսների «դաբրոյով» ագրեսիա իրականացնի Հայաստանի կամ Արցախի դեմ, ռուսներն էլ կանգնեն ու թամաշա անեն, մեղավոր կլինե՞ն…

Նիկոլի տերերի ուզածն էլ հենց դա է, որ Մոսկվան ամբողջութամբ անցնի Իլհամի կողմն ու Հայաստանը ճզմի, քանի որ միայն այդ դեպքում Հայաստանից մի նոր Ուկրաինա կստեղծվի՝ ռուսների համար նույնքան ատելի: