Ներկայացվել է աշխարհի ամենաբարակ ստեղնաշարը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


15:31 , 5 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ընկերությունը, որի տեխնոլոգիաները կիրառվել են Beats անլար ականջակալներում և Nike+ սպորտային հանդերձանքում, ներկայացրել է աշխարհի ամենաբարակ ստեղնաշարը: Ճկուն, անլար սենսորային այս սարքի հաստությունը չի գերազանցում 0,5 մմ-ը, գրում է The Guardian բրիտանական թերթը:

Քեմբրիջյան CSR ընկերությունը, որն աշխատում է անլար տեխնոլոգիաների ոլորտում, ցուցադրել է ստեղնաշարի աշխատանքային տարբերակը Բեռլինում անցկացվող IFA 2013 ցուցահանդեսի ընթացքում: Ապրանքի սերիական արտադրությունը կմեկնարկի ոչ շուտ, քան մեկ տարի անց:

CSR-ի տնօրեն Փոլ Ուիլյամսոնը նշել է, որ վերջնական ձևը կախված կլինի արտադրողներից, որոնք կզբաղվեն նորույթը շուկա հանելով: Ի սկզբանե գաջեթը մշակվում էր որպես պլանշետային համակարգիչների թեթև լրացում:

«Ձեր առաջ աշխատանքային պրոտոտիպ է, որը, ավելի շատ, իրենից ներկայացնում է հայացք դեպի առաջ, քան ապրանք, որը պատրաստ է վաճառքի այս տարի: Մենք կտեսնենք բազմաթիվ ձևեր ու չափեր: Առաջինները հարմար կլինեն iPad Mini-ի համար, մյուսները՝ սովորական համակարգիչների»,- ասում է Ուիլյամսոնը:

 

CSR ստեղնաշարի ինտերֆեյսը կարող է հեշտությամբ փոխվել արտադրողի կողմից: Այստեղ օգտագործված տեխնոլոգիան թույլ է տալիս տպել ստեղնաշարերի տարբեր լեզվային տարբերակները, նաև՝ դրանց վրա ավելացնել նոր ֆունկցիանոլ ստեղներ: Ստեղնաշարի սենսորային էկրանը կարելի է նաև օգտագործել ձեռագիր տեքստի թվայնացման համար: