14:20 , 5 սեպտեմբեր, 2013
Operativ.am-ը գրում է.
Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց վերջերս Սիրիայից վերադարձած մեր հայրենակիցների` Ջերահյանների ընտանիքի հետ` անձամբ զրուցելու և պարզելու, թե ինչպես է իրավիճակը Սիրիայում, մասնավորապես, ի՞նչ իրավիճակում են սիրիահայերը:
-Ե՞րբ եք վերջին անգամ խոսել Սիրիայի ձեր հարազատների հետ:
-5 օր է կապ չկա, ոչ ինտերնետ, ոչ հեռախոսի կապ: Ողջ օրը համակարգչի առաջ նստած ենք, սպասում ենք` կապ լինի, ամեն մեկն իր հարազատի հետ խոսի:
-Ինչպե՞ս է այնտեղ իրավիճակը, Հայաստան գալու մասին հաճա՞խ են խոսում:
-Շատերն ուզում են Հայաստան գալ, բայց փող չունեն կամ դժվարանում են այսքան տարվա աշխատանքը թողնել և գալ. ունեցվածք ունեն, դժվար է: Հայկական շրջաններում այդքան էլ վատ չէ: Խնդիրն այն է, որ հարմարվել են: Աստված չանի մի բան լինի. շատերը կտուժեն: Լինում է` հաց չի լինում, շրջափակված տարածքներից չեն կարողանում բանջարեղեն բերել: Հայկական թաղամասերում համեմատած լավ է, այսինքն դա էլ միանշանակ չէ: Օրինակ` Հալեպի Նոր Գյուղի մեջ` Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում, իրավիճակը լարված է. եկեղեցին քանդվել է, իսկ մյուս հատվածում ավելի խաղաղ է:
-Ինչպե՞ս արձագանքեցին սիրիական լրատվամիջոցները ԱՄՆ-ի` Սիրիայի վրա հարձակման հայտարարությանը:
- Ասում են` հաղթելու ենք: Ըստ սիրիական լրատվամիջոցների` ամեն ինչ լավ կլինի, կհաղթենք, կվերջանա շուտով ամեն բան: Ասում են` ԱՄՆ-ն չի համարձակվի մեր դեմ դուրս գալ, քանի որ աշխարհի խաղաղությունը կխախտվի. ոչ միայն պատրաստ ենք պատերազմի, այլև հաղթելու ենք: