Թուրքիայի զրահատանկային զորքերը տեղակայվել են Սիրիայի հետ սահմանի վրա


13:08 , 5 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայում աճող լարվածության կապակցությամբ Թուրքիան զբաղվում է իր սահմանային գոտիների ամրացմամբ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը, Քիլիս, Գազիանթեփ և Հաթայ մարզերում սահմանապահներին տրվել են զրահատանկային հավելյալ ստորաբաժանումներ:

Հաթայ է ժամանել 20 մեքենայից բաղկացած ռազմական ավտոշարասյուն, այդ թվում՝ տանկեր, թեթև զրահատեխնիա, հրթիռային սարքեր: Սահմանապահ գոտի են փոխադրվել զինապաշարներ, վերատեղաբաշխվել են զինվորական ստորաբաժանումները: Շանըլուրֆա մարզում տեղակայվել է երեք դաշտային հիվանդանոց:

Թուրքիայի զինվորական հրամանատարությունը դեռևս չի մեկնաբանում այս նախապատրաստությունները: Դիտորդներն այս ամենը շաղկապում են Սիրիայի կողմից հավանական ագրեսիայի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Միկդադը հայտարարել էր, որ եթե Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը մասնակցեն Իսրայելը, Թուրքիան և Հորդանանը, ապա Դամասկոսը պատասխան հարվածներ կհասցնի այդ երկրներին: