Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին


23:21 , 28 փետրվար, 2023

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ու արդյունավոր առաքելության մաղթանքները հղեց դեսպանին։
Ամենայն Հայոց Հայրապետը, ի դեմս ԱՄՆ դեսպանի, իր շնորհակալությունը հայտնեց Միացյալ Նահանգների իշխանություններին մեր երկրին ու ժողովրդին ցուցաբերած զորակցության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին, վերջինիս կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները գործուն քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականությունը զսպելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։ Հայոց Հայրապետը մասնավորապես ընդգծեց գերության մեջ հայտնված հայորդիների ազատ արձակման կարևորությունը։
Զրուցակիցները քննարկեցին նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։
Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը Նորին Սրբությանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և անձամբ ինքը կշարունակեն իրենց ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ: