22:18 , 28 փետրվար, 2023
«Ես մտածեցի՝ երբեք չեմ տեսնի ծնողներիս». Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ անգլերեն նոր զեկույց են հրապարակել Արցախում երեխաների վիճակի վերաբերյալ
Արցախի երեխաներն արդեն 79 օր անմարդկային պայմաններում են ապրում, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Արցախում, իսկ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը` Հայաստանում:
Հավաքագրվել են ապացույցներ, որոնք վերլուծվել անգլերեն նոր համատեղ զեկույցում, որը ցույց է տալիս Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստների» պատճառով երեխաների իրավունքների ոտնահարումները:
Մասնավորապես, զեկույցում արձանագրվել են բոլոր այն առողջական, հոգեբանական, սոցիալական խնդիրները, որոնք առաջ են եկել երեխաների համար ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով:
Արցախի Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ «վերջին շրջանում ադրբեջանական հանցավոր գործողություններից բխող անորոշությունների ու սպառնալիքների հարուցած շարունակական սթրեսով պայմանավորված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում չափահասների և հատկապես երեխաների շրջանում արձանագրվում է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը դրսևորվել է նյարդաբանի ու հոգեբանի մոտ երեխաների այցերի 46%, իսկ չափահասների դեպքում՝ 47% աճով»:
Բազմաթիվ երեխաներ դեռևս շարունակում են բաժանված մնալ իրենց ընտանիքներից ճանապարհի փակ լինելու հետևանքով, որը հանգեցնում է հոգեբանական լուրջ խնդիրների:
Կան երեխաներ, որոնք ունեն հատուկ դեղորայքի կարիք, որն անհնար է գտնել Արցախում։
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին բնորոշ շատ են հիվանդ երեխաների թիվը, որոնց բուժումը դժվարանում է հակաբիոտիկների բացակայության պայմաններում:
Հիվանդացած երեխաները ստիպված անցնում են լրացուցիչ զրկանքների միջոցով, առավել ևս, որ պարբերաբար անջատվում է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը:
Երեխաների համար կաթնախարնուրդների բացակայությունը ծնողներին ու երեխաներին դրել է լրացուցիչ խնդիրների առաջ:
Սննդի պաշարները գրեթե սպառված վիճակում են:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանին երեխաներից մեկի ներկայացրած վկայության համաձայն՝ շրջափակված ճանապարհով Հայաստանից Արցախ մեկնելիս, երբ իրենց «էկոակտիվիստների» հռչակած մարդիկ մուտք էին գործել երեխաների ավտոբուս և ահաբեկել, իր մոտ առաջացել են հոգեբանական խնդիրներ ու վախ, մտածել է, որ իրենց կտեղափոխեն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք և այլևս երբեք չի կարողանա տեսնել ծնողներին:
Զեկույցի իրավական վերլուծությունների հարցում կարևոր աջակցություն են ցուցաբերել միջազգային փաստաբաններ Գարօ Ղազարեանը (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանը (Karnig Kerkonian):
Անգլերեն կազմված համատեղ զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին, կներկայացվի ՀՀ պետական մարմիններին և մասնագիտացված կազմակերպություններին: