Մեքսիկայում ավելի քան 100.000 մարդ ցույցի է դուրս եկել ընտրական օրենսգրքի փոփոխությունների դեմ


16:13 , 27 փետրվար, 2023

Մեքսիկայում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Մեխիկոյի գլխավոր հրապարակում՝ իրենց բողոքը հայտնելով ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների դեմ, որոնք նախաձեռնել է երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:

Հաղորդվում է, որ հրապարակում սովորաբար տեղավորվում է գրեթե 100 հազար մարդ, սակայն ցուցարարներից շատերը չեն տեղավորվել հրապարակում և տեղափոխվել են մոտակա փողոցներ:

Ցուցարարները հիմնականում կրել են սպիտակ և վարդագույն հագուստ՝ Ազգային ընտրական ինստիտուտի գույներով:

Լոպես Օբրադորի առաջարկները հաստատվել են անցյալ շաբաթ: Երբ դրանք գործողության մեջ դրվեն, կկրճատվի տեղական ընտրական գրասենյակների ֆինանսավորումը, աշխատավարձը և այն քաղաքացիների վերապատրաստումը, որոնք ընտրատեղամասերում աշխատում են որպես դիտորդ: Բացի դրանից, այն թեկնածուները, որոնք չեն կարողանա իրենց ընտրարշավի ծախսերի զեկույց ներկայացնել, ավելի մեղմ պատժամիջոցների կենթարկվեն:

Մեքսիկայի նախագահը նշում է, որ այս փոփոխությունները չեն սպառնում ժողովրդավարությանը՝ պատճառաբանելով, որ ընտրական ինստիտուտը չափից շատ գումար է ծախսում, իսկ այդ գումարը պետք է հատկացվի աղքատներին:

Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իր ստորագրությամբ կվավերացնի օրինագիծը: Ցուցարարների մի մասն էլ հույս ունի, որ Մեքսիկայի Գերագույն դատարանը կչեղարկի առաջարկվող փոփոխություններից մի քանիսը:

«Associated Press»-ը նշում է, որ Լոպես Օբրադորը մեծ ժողովրդականություն է վայելում Մեքսիկայում: Նրա աշխատանքին հավանություն է տալիս մեքսիկացիների գրեթե 60 %-ը: Չնայած Լոպես Օբրադորն այլևս չի կարող առաջադրվել հաջորդ տարի նախատեսված ընտրություններում, սակայն, ըստ հարցումների, նրա կուսակցությունն առաջատար է: