12:19 , 5 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` երեկ հայկական կողմը ինտենսիվ կրակի տակ է պահել հայ-ադրբեջանական սահմանը, թիրախը եղել են քաղաքացիական անձինք: Ըստ նույն աղբյուրների` դրա հետևանքով մեկ մարդ ծանր վիրավորվել է:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ի հետ զրույցում ադրբեջանական կողմից տարածվող այս լուրերը որակեց որպես ապատեղեկատվություն, որի հիմնական նպատակը միջազգային հանրության ուշադրությունը սեփական ագրեսիվ գործողություններից շեղելն է: Ա. Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ երեկ հայկական կողմը կրակ է արձակել բացառապես թշնամու կրակահերթերը լռեցնելու նպատակով:
Հիշեցնենք, որ երեկ թշնամին ինտենսիվ կրակի տակ էր պահում հայ-ադրբեջանական սահմանի Մովսես և Այգեպար գյուղերը, ինչի հետևանքով անգամ քաղաքացիական մեքենա էր վնասվել: Մեր դիրքապահների պատասխան կրակից հետո թշնամին լռել էր: