Թուրքիայի պրոքսին՝ Երևանում
10:48 , 14 փետրվար, 2023
Հարցին՝ Էրդողանի ցինիկ պահվածքի ֆոնին որքանո՞վ էր ճիշտ Հայաստանի դրսևորած կեցվածքը, երբ, փաստորեն, Հայաստանից օգնություն ստանալով՝ Էրդողանն Ադրբեջանին է շնորհակալություն հայտնում՝ վկայակոչելով 44-օրյա պետերազմում իրենց ցուցաբերած օգնությունը՝ Բաքվին, Հակոբյան Հրաչիկը՝ Աննայի ախպերը, պատախանել է, որ իրենք ոչ թե Էրդողանին, այլ Թուրքիայում բնակվող մարդկանց են օգնել: «1999թ.-ի երկրաշարժի ժամանակ Հայաստանը նույնպես օգնել է Թուրքիային, բայց կարծես թե նմանատիպ հարցեր չեն հնչել էն ժամանակ»,-մասնավորապես՝ ասել է հունական կղզիների մեծ սիրահար Հրաչիկը:
Հրաչիկի ամենամեծ սխալը տվյալ դեպքում ոչ այնքան մարդսիրության մասին ունեցած պատկերացումներն են, որքան՝ այն, որ սա, փաստորեհ, զուգահեռներ է անցկացրել 1999-ի ու 2023-ի միջև՝մոռանալով մի շատ էական հանգամանք՝ 2023-ի ու 1999-ի միջև զուգահեռների անցկացումը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, քանի որ նախ՝ այն ժամանակ Հայաստանը Թուրքիայի հզոր օժանդակությամբ պատերազմում պարտված երկիր չէր և հանդես էր գալիս հաղթողի ու նույնիսկ թելադրողի դիրքերից, ապա՝ այն ժամանակ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը Երևանը գրավելու մասին բացահայտ հայտարարություններ չէին անում, ու կոնկրետ Թուրքիայի ղեկավարն Էնվերի հոգուն փառք չէր մատուցում Բաքվի զորահանդեսում: Մինչդեռ այսօր Հայաստանն օգնություն է ցուցաբերում մի երկրի, որը բացահայտորեն սպառնալիք է դարձել ՀՀ գոյությանը՝ գործելով, սակայն, Ադրբեջանի ձեռքերով, քանի որ չի ցանկանում հայերի ոչնչացման համար կրել պատասխանատվություն, դեռ չմարսած առաջին ցեղասպանությունը՝ գործել երկրորդը. դրա համար կա Իլհամը՝ Թուրքիայի պրոքսին՝ Կովկասում:
Փաստ է, որ հրաչիկներն արեցին ամեն բան՝ Հայաստանը զրկելու նախկինում ունեցած կարգավիճակից՝ ստատուս, որը ոչ միայն երաշխավորում էր իր բնօրրանի մի հատվածում հայերի քիչ թե շատ անվտանգ գոյությունը, այլև զսպում էր թշնամիներին՝ փչացնելով նրանց աշխարհաքաղաքական ախորժակը: Բայց հետո պիտի գար Հրաչիկն ու փեսա Նիկոլի հետ վարի տար տասնամյակների ժառանգությունը՝ հնարավորություն ստանալու հանգիստ խճով հունական կղզիներում կայֆավատ լինելու: