Սիրիան Հորդանանին և Թուրքիային նախազգուշացնում է պատասխան հարվածի մասին


17:19 , 4 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Միկդադը հարևան երկրներին կոչ է արել զերծ մնալ Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը մասնակցելուց՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:

«Դամասկոսը պատասխան հարված կհասցնի ոչ միայն Իսրայելին, այլ նաև հարևան երկրներին՝ Հորդանանին և Թուրքիային, եթե նրանք որևէ կերպ մասնակցեն ամերիկյան գործողությանը»,- մեջբերում է թերթը Միկդադի խոսքերը:

Սիրիացի դիվանագետի խոսքերով՝ ոչ ոք չի կարող վերահսկել իրավիճակը, երբ սկսվի պատերազմը: Նա նշել է, որ ցանկացած հարձակում Սիրիայի դեմ քաոս կստեղծի ամբողջ տարածաշրջանում, հավանական է նաև՝ դրա սահմաններից դուրս:

Նա նշել է, որ Թուրքիան և Հորդանանը պետք է երկու անգամ մտածեն՝ նախքան Սիրիայի դեմ գործողություններին մասնակցելը:

Միկդադն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել չհաստատել Սիրիային հարվածելու ծրագիրը, որն առաջարկել է նախագահ Բարաք Օբաման:

«Հույս ունենք, որ ամերիկացի կոնգրեսականները խելամտություն կցուցաբերեն և կլսեն արդարադատության ձայնը և չեն դիմի սադրիչ գործողությունների»,- ասել է Միկդադը և հավելել, որ եթե Կոնգրեսը կանաչ լույս վառի Սիրիա ռազմական ներխուժման համար, դա աղետ կդառնա սիրիացի, ամերիկացի ժողովուրդների և մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր բնակիչների համար: