Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի փուլային տարբերակով


12:12 , 2 փետրվար, 2023

Կառավարությունը հաստատեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը Կառավարության ծրագրով հաստատված առողջապահական ամենակարևոր համակարգային բարեփոխումն է։

«Տասնյակ տարիներ առողջության պահպանման և վերականգման ծառայությունների հասանելիությունը ապահովող նման համակարգի ներդրման մասին մշտապես խոսվել է, սակայն գործնական քայլերը անընդհատ հետաձգվել են ավելի լավ ժամանակների ակնկալիքով։

Հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը, որ ինստիտուցիոնալ բարեփոխումները պետք է իրականացնել անկախ իրավիճակներից և մարտահրավերներից` մենք մի կողմից արել ենք հնարավորինը դիմակայելու համավարակով և պատերազմով պայմանավորված ահռելի մարտահրավերներին, և մյուս կողմից՝ մոտ երկու տարի աշխատել ենք Հայաստանի համար հնարավորինս օպտիմալ և իրատեսական ապահովագրական համակարգի մոդել մշակելու համար»,- ասաց Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը պայմանավորված է նախ և առաջ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից։

«Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսաարդյունավետության ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ առողջապահության համակարգը հնարավորություն է տալիս գրանցել բարելավող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով։ Սակայն տվյալ ցուցանիշների բարելավումը բավականին նվազ տեմպերով է ընթանում և մեզ համար գոհացուցիչ չէ։

Առողջապահական ծախսերի փոխհատուցման ներկայիս անարդյունավետ մեխանիզմը պատճառ է, որ մենք ոչ թե կանխարգելում, վաղ հայտնաբերում և ժամանակին ենք անդրադառնում մեր առողջապահական խնդիրներին, այլ հետաձգում ենք դրանք մինչև այսպես ասած դանակը ոսկորին չի հասնում։ Այդ դեպքում ստիպված ենք լինում օգտվել շատ ավելի ծախսատար ծառայություններից և միշտ չի հնարավոր լինում ապահովել բուժման բարենպաստ ելքը»,- նշեց Ավանեսյանը։

Նախարարի կարծիքով՝ ապահովագրական համապարփակ համակարգի փուլային ներդրումը կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները իրագործելու ամենաօպտիմալ տարբերակն է։

«Հաշվի առնելով, որ մեզ համար կարևոր է  օր առաջ նաև ռազմավարական այլ ուղղություններին համահունչ ներդնել այս ապահովագրական համակարգը՝ մենք նախատեսել ենք, որ աշխատանքները կվերսկվեն 2023 թվականից, որը կլինի նախապատրաստական փուլը։

2023 թվականին կունենանք ծառայությունների փաթեթը, որը արդեն իսկ մշակվել է՝ դրանց վերանայում և ամբողջացում, կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենանք հաստատուն ծառայությունների արժեք և, իհարկե, կորոշվեն պետության կողմից համաֆինանսավորման չափերը։

2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակներում բոլոր շահառուները կհավասարեցվեն, և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը կնպաստի, որ մենք չունենանք խառը, մասնատված համակարգ։ 2024 թվականին կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ամրագրված քաղաքացիների խումբ և կկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակներում ներառել նաև այլ ցանկացողներին։

2025 թվականին պետության կողմից կներառվեն թոշակառուները որպես ևս մի կարևոր պաշտպանության խումբ և պետության հոգածության շրջանակ։ Նրանք ևս կօգտվեն ապահովագրական փաթեթի ամբողջ ծառայություններից։ Հետագայում կշարունակվի կամավոր ապահովագրական շրջանակներում քաղաքացիների ներառումը։ Եվ 2027 թվականին կունենանք պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ մեր ողջ բնակչության համար»,-  ներկայացրեց Ավանեսյանը։ 

Նախարարը տեղեկացրեց, որ մինչև 2027 թվականը ամբողջովին վերազինվելու է առնվազն 50 բժշկական կենտրոն։

«2023 թվականին 13 բժշկական կենտրոններում շինարարական աշխատանքներ են ընթանում և 20 ամբուլատորիաների և 7 բժշկական կենտրոնների կառուցման նախագծեր են մշակվում»,- եզրափակեց Ավանեսյանը։