15:55 , 4 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ստեփան Խոյեցյանն առաջարկում է սելիտրան փոխարինել մշակված թռչնաղբով պատրաստված պարարտանյութով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ պատկան մարմիններն իրենց գրեթե չեն աջակցում այս հարցում:
«Նրանք նշում են, որ սա մասնավոր ընկերությունների գործն է, ոչ թե կառավարության: Ինձ համար դա անհասկանալի է: Ես համաձայն չեմ նաև այն դիտողությանը, թե այդ ընկերությունները հրաժարվել են արտադրություն կազմակերպելուց»,- նշեց նա:
Խոյեցյանի խոսքով՝ թե հումքի, թե դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին վարչապետին իրատեսական տեղեկություններ չեն հաղորդել: Հարցի հասցեատերն, ըստ Խոյեցյանի, վարչապետն է, սակայն միջին օղակներում կարգ կա. եթե մի անգամ կառավարությունը հարցը քննարկեց ու դրան վերջ դրեց, այլևս անհնար է այդ հարցին վերադառնալ:
«Ես չեմ կարող համակերպվել այս իրականությանը, երբ ինձ ասում են, թե մածունը սև է, ուստի շարունակում եմ իմ պայքարը: Մեզ ասում են՝ բավարար չափով հումք չկա, ես հայտարարում եմ՝ ոչ միայն կա, այլև նրա ծավալները կարելի է մեծացնել»,- ասաց նա:
Խոյեցյանի խոսքով՝ հում թռչնաղբի օգտագործումը բնապահպանական և առողջապահական նոր հիմնախնդիրներ է ստեղծում, դա ոչ միայն ապականում է միջավայրը, այլև վտանգավոր է սննդի համար: Բանախոսը նշեց՝ թռչնաղբից կարելի է ստանալ գազ, վառելիք, պարարտանյութ, մինչդեռ ներկայում թռչնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունները չեն կարողանում թռչնաղբն իրացնել և բավական լուրջ խնդիրներ ունեն:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը չհամաձայնեց Խոյեցյանի այս տեսակետին. «Որևէ մեկը չի կարող ժխտել, որ թռչնաղբը, որպես պարարտանյութ, հազարամյակներ շարունակ օգտագործվել է, և նրա դերը ոչ ոք չի կարող ժխտել: Այն շատ ավելին է, քան գոմաղբը: Մեր հանրապետությունում վանդակային եղանակով պահվում է շուրջ մեկ միլիոն թռչուն, նույնքան էլ՝ ազատ պահվածքով, մոտ երկու միլիոն թռչուն էլ պահվում է մասնավոր ընկերությունների մոտ: Այդ թռչնաղբը կորստի չի մատնվում, չի թափվում»,- ասաց նա:
Պետրոսյանը նշեց, որ բոլոր հաշվարկները կատարվել են, մեկ թռչունն օրական միջին հաշվով կարող է տալ հարյուր գրամ թռչնաղբ: Խոյեցյանը հակադարձեց, որ 1 կգ թռչնաղբի արժեքը գյուղնախարարությունը սահմանել է 80 դրամ, սակայն այդ գնով գյուղացին երբեք պարարտանյութ չի գնի: Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ մենք ունենք 40 տոկոս ստվեր, ինչին պարոն Պետրոսյանն արձագանքեց. «Մի կողմից՝ ասում եք, թե չափազանցված են նախարարության ներկայացրած թվերը, հիմա էլ ասում եք՝ թաքցնում ենք. ումի՞ց ենք թաքցնում»: