Խորապես մտահոգված ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի դեմ ուղղված բռնությունների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ


12:59 , 30 հունվար, 2023

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորը մտահոգությունն է հայտնել Երուսաղեմի քրիստոնեական հաստատությունների դեմ բռնությունների վերջին գործողությունների կապակցությամբ: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մենք խորապես մտահոգված ենք բռնությունների և վանդալիզմի վերջին գործողությունների կապակցությամբ՝ ուղղված Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանին և Հին քաղաքի հայ բնակիչներին»,- գրել է նա:

Ավելի վաղ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը տեղեկացրել էր, որ Երուսաղեմում փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Մինչ այդ էլ հրեա ծայրահեղականները Երուսաղեմում հարձակվել էին հայկական ռեստորանի վրա: