Մեզ թվացել է, թե կարող ենք ապահովել պետության անվտանգությունը` սպային մղելով յոլա գնալու դաշտ. Նիկոլ Փաշինյան


16:18 , 28 հունվար, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում  ունեցած ելույթում Փաշինյանը անդրադարձել է սպայի ինստիտուտին:

«Բանակն առաջին հերթին հենված է սպայի ինստիտուտի վրա։ Մենք պետք է արձանագրենք մի բան, որ սպայական կոչման և սպայական աշխատանքի վարկը պետության անվտանգության խնդիր է։ Սպան չի կարող չապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունը։ Սա պետք է լինի մեր ամենակարևոր արձանագրումը, որովհետև սպան պետության հենասյունն է, ընդ որում, բանակի սպան, հատուկ ծառայությունների սպան, ոստիկանության սպան։ Այստեղից են, որ սկսում են մեր բոլոր պրոբլեմները, որովհետև մեզ թվացել է, թե մենք կարող ենք ապահովել պետության անվտանգությունը` սպային մղելով յոլա գնալու դաշտ և հարթություն։

Հայաստանի Հանրապետությունում սպայի ընտանիքը պետք է լինի բարեկեցիկ։ Սա է մեր մարտավարական նպատակը և այս խնդրով ենք մենք առաջնորդվելու։ Բայց սպա լինելը պետք է նշանակի առանձնահատուկ որակների կրում, սպա լինելը պետք է լինի առանձնահատուկ առաքելության գիտակցում և պրոֆեսիոնալ, մասնագիտական առանձնահատուկ հմտությունների իմացություն։ Այս իրողությունները պետք է սերտորեն կապված լինեն իրար հետ։ Եվ մենք Զինված ուժերի բարեփոխումների համատեքստում հենց այս բանաձևն ենք դնում։ Սպայի պրոֆեսիոնալ իմացությունը, հմտությունը և նրա ընտանիքի բարեկեցությունը՝ սկսած  սոցիալական երաշխիքների համակարգից, բնակարանային ապահովության համակարգից, շարունակած նրանց ընտանիքի անդամների, երեխաների կրթության հնարավորություններով, որովհետև պետք է հասկանանք, երբ մարդը ծառայում է Հայրենիքին` սպայի կարգավիճակում, նա սովորականից ավելի պակաս ժամանակ է տրամադրում իր ընտանիքին։ Մենք պետք է առերեսվենք այս պրոբլեմների հետ և այնպես անենք, որ այս իրողությունը նեգատիվ ազդեցություն չունենա ընտանիքի բարեկեցության և երեխաների հետագա ճակատագրի, կրթության հարցերում։ Պետությունն այստեղ պետք է կանգնած լինի սպայի կողքին, կրկնում եմ՝ միևնույն ժամանակ, որևէ կոմպրոմիսի չգնալով սպայի որակական հատկանիշների առումով»,- ելույթում նշել է Փաշինյանը: