14:27 , 4 սեպտեմբեր, 2013
Operativ.am-ը գրում է.
Ավտոկայանատեղիների դեպքում վճարման համակարգը նեդրվել է առանց համակողմանի ուսումնասիրությունների: Օրինակ` 50 տարեկանից բարձր քաղաքացիները չեն կարողանում օգտվել հաղորդագրություններից, այսինքն` այն բացելու և կարդալու հետ խնդիրներ ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ըստ բանախոսի` ոմանց աշխատանքը ոչ ճիշտ կազմակերպելու կամ սխալ աշխատելու արդյունքում քաղաքացիները ստիպված են լինում լրացուցիչ տուգանքներ վճարել:
Պիպոյանն ասաց, որ կայանման պահից իսկ ծագում է վճարման պարտավորությունը, բայց թե որքան գումար է գանձվելու վարորդից, պարզ է դառնում կայանման ավարտից հետո միայն:
Ըստ բանախոսի` այս ամենը ստեղծված է այնպես, որ վարորդը վճարի մեկ տարվա դիմաց, քանի որ սահմանված ժամանակից թեկուզ մեկ րոպե ավել կայանելու դեպքում ստիպված կլինի վճարել 5000 դրամ: Պիպոյանը տեղեկացրեց նաև, որ սահմանված վճարը վերաբերում է միայն այս տարվան, թե ինչ կլինի մյուս տարիներին, պարզ չէ, այսինքն` հնարավոր են նաև թանկացումներ: Դիտարմանը, թե ինչու չի հանրությունն ինֆորմացվում կանխավճարային համակարգի մասին, Պիպոյանը չբացառեց դիտավորության հանգամանքը: