13:41 , 4 սեպտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը, հոկտեմբերի 10-ին Լեհաստանում սկսելու է պայքարը՝ Եվրոպայի 2014 թ. առաջնության ընտրական փուլի երկրորդ խմբում, որտեղ հայ պատանիների մրցակիցներն են՝ Լեհաստանը, Ռումինիան և Լիտվան։ Մրցաշարի մեկնարկից գրեթե մեկ ամիս առաջ, armsport.am-ը զրուցեց Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ։
- Հունիսին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացրեց Հանքավանում։ Արդյո՞ք, նախատեսված է ևս մեկ հավաք՝ նախքան Լեհաստան ուղևորվելը։
- Այո, հոկտեմբերին մենք ծրագրել ենք անցկացնել մեկշաբաթյա հավաք, որից հետո կմեկնենք Լեհաստան։ Ցավոք, այն պատճառով, որ Հայաստանի առաջնությունն արդեն թափ է հավաքել, հնարավորություն չենք ունեցել՝ թիմն ավելի հաճախ մեկտեղել, պարապել։
- Արդեն հայտնի է Լեհաստանում կայանալիք մրցաշարի խաղացանկը, որի համաձայն՝ Հայաստանը, հետևյալ հերթականությամբ, հանդիպելու է Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի ընտրանիների հետ։ Ի՞նչ գիտեք ապագա մրցակիցների մասին և կարելի՞ է, արդյոք, խաղացանկը նպաստավոր համարել։
- Հանքավանի հավաքի ժամանակ, մենք դիտել ենք մեր մրցակիցների մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունները։ Կարծում եմ, Ռումինիայի և Լեհաստանի հավաքականները մի փոքր ուժեղ են Լիտվաի՝ իրենց հասակակիցների ընտրանուց։ Բայց պետք է ասել, որ պատանեկան թիմերի դեպքում այդ հանգամանքը պայմանական է, քանի որ այստեղ խաղացողները հաճախ են փոխարինում մեկը մյուսին։
Ինչ վերաբերում է խաղացանկին, ապա, ինչպես հայտնի է, առաջին երկու հանդիպումները մենք անցկացնելու ենք Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ։ Կարծում եմ, այս ամենը հատուկ է արվել, քանի որ այս թիմերն իրենց հաղթողի հավակնորդներ են համարում և ցանկանում են միմյանց դեմ ուժերը չափել վերջին տուրում։ Լրացուցիչ դժվարություն է առաջացնում նաև այն, որ Ռումինիայի հետ նախանշված առաջին մրցավեճն անցկացնելու ենք առավոտյան ժամի։
- Հանքավանում, հավաքականի հետ մարզվում էին նաև լեգիոներներ Ռուսաստանից, մասնավորապես՝ «Սպարտակից» և «Զենիթից»։ Արժե՞, արդյոք, նոր խաղացողների ակնկալել, որոնք կարող են ուժեղացնել թիմը Լեհաստանում կայանալիք մրցաշարի ընթացքում։
- Ոչ, մենք խաղալու ենք այն կազմով, որը մասնակցել է հավաքին։ Այժմ, նպատակահարմար չէ՝ որևէ մեկին հրավիրել թիմ, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել։ Լավ կլիներ, եթե կարողանայինք միջազգային ընկերական խաղեր անցկացնել, բայց մեզ չհաջողվեց դա։ Բացի այդ, 19 տարիքային խմբի ֆուտբոլիստները բախվում են բանակային խնդիրների հետ և ստիպված են ամիսներով կտրվել ֆուտբոլից՝ ժամկետային ծառայության անցնելու պատճառով։ Հավաքականի խաղացողների հետ ընդամենը 24 օր եմ շփվել։
- Բազմիցս նշվել է, որ տարբեր տարիքային հավաքականները խաղալու են այն նույն ոճով, ինչին դավանում է ազգային թիմը։ 19 տարեկանների մեջ կա՞ն այնպիսիք, որոնք համապատասխանում են դրան։
- Սա արդեն երկրորդական հարց է։ Ես հանդիպել եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, ով, ինչպես հայտնի է, նաև ՀՖՖ տեխնիկական տնօրենն է։ Նա ինձ հայտնեց, որ մենք պետք է խաղանք՝ ըստ ազգային հավաքականի սխեմայի, այն է՝ 4-2-3-1։
- Ի՞նչ նպատակ և խնդիրներ է հետապնդելու Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը՝ ԼԵհաստանում։
- Խաղալու ենք՝ ամեն մրցավեճում հաղթելու համար։ Իմ բոլոր թիմերը խաղում են արդյունքի հասնելու նպատակով, անկախ ամեն ինչից։ Մեր մրցակիցներն ավելի փորձառու են, նրանք արդեն 20-ական միջազգային հանդիպումներ են անցկացրել։ Բայց, չնայած այդ հանգամանքին, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դուրս գանք հաջորդ փուլ։